Սեպտեմբերի 13-ին Երեւանում աշխատանքն է շարունակել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը:

Երրորդ նիստը նախագահել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը: Այս նիստում քննարկվել է «Չմատնելով անուշադրության  եւ ոչ մեկին. բնակչության առավել խոցելի եւ մարգինալացված խմբերի կրթության եւ զբաղվածության ապահովումը» թեման:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի` մարդու իրավունքների գծով պաշտոնյա Կլոդ Կահնը տեսաուղերձով անդրադարձել է քննարկվող թեմային՝ ներկայացնելով գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները: Նրա խոսքով այժմ գրասենյակի ուշադրության կենտրոնում են հատկապես այն մարդիկ, որոնք գտնվում են ամենառիսկային, ինչպես նաեւ մարգինալացված, մեկուսացված, առանձնացված խմբերում:

Զեկուցողը նշել է, որ սա աշխատանքի եւ ընթացքի մեջ գտնվող գործընթաց է, այստեղ իրականացվում են զարգացման ծրագրեր: Նա ընդգծել է կրթության եւ զարգացման ոլորտներում ռիսկային խմբերում գտնվող անձանց ներգրավելու, բազմազանությունը խթանելու  կարեւորությունը: Զեկուցողի դիտարկմամբ պետք է ապահովել երեխաների, հաշմանդամների, էթնիկ եւ կրոնական խմբերի պաշտպանությունը: Պետք է աջակցել երեխաներին եւ այլոց, որպեսզի նրանք գտնեն իրենց տեղը հասարակության մեջ:

Մեքսիկայի Սենատի սենատոր, Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի անդամ  Սինտիա Լոպես Կաստրոն, ելույթ ունենալով թեմայի շրջանակում, նշել է, որ երիտասարդները չունեն հասանելիություն կրթության, որը նրանց համար կապահովի բովանդակալից զբաղվածություն եւ աշխատանքներ: Համաձայն աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների՝ մինչեւ 24 տարեկան 267 մլն կանայք գործազուրկ են, 215 մլն տղաներ զրկված են կրթվելու հնարավորությունից եւ չեն իրացնում իրենց հիմնարար իրավունքները: «Այս խնդիրները խորանում են համաշխարհային ճգնաժամերի հետեւանքով»,- նշել է նա:

ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին  անդրադարձել է երիտասարդների  խնդիրներին՝ նշելով, որ նրանք առավել  հաճախ են բախվում գործազրկությանն ու խտրականությանը, երբեմն՝ բազմակի խտրականության: Երիտասարդները բախվում են ֆինանսների, կրթության բացակայությանը, այլ խոչընդոտների: Ըստ նրա՝ երիտասարդների գործազրկության մակարդակը երեք անգամ ավելի մեծ է, քան ընդհանուր գործազրկության մակարդակը: «Իրավիճակը բարելավելու համար միասնական գործողություններ են պետք»,- դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ասել է Նաթիա Նացվլիշվիլին:

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը շարունակում է աշխատանքը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն