Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախարարը կարևորել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության հետ գործակցությունը քրեական արդարադատության ոլորտում կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում։

Կողմերը երկուստեք ողջունել են 2024 թ. սեպտեմբերի 13-ին Եվրաջասթի հետ քրեական վարույթներով իրավական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը և կարևորել սեպտեմբերի 23-ին համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի ստորագրումը։

Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Եվրոպական միության իրավապահ և արդարադատության ոլորտի մարմինների միջև ստեղծվել է գործակցության ամուր փաստաթղթային հիմք: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործակցության խորացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը շնորհավորել է Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առիթով և կարևորել Եվրաջասթի ու Հայաստանի գործակցության հաստատումը:

Լադիսլավ Համրանն ընդգծել է նաև Հայաստանի կողմից Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազի նշանակումն ու ներկայացրել գործակցության ուղիներն ու հնարավորությունները:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն