Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը։ Այս մասին նշված է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հրդեհները կարող են ոչնչացնել բնակմիջավայրերը, ներառյալ անտառները, առանձին էկոհամակարգերը` խոտածածկ և ջրաճահճային տարածքները: Սա հանգեցնում է տարբեր բույսերի և կենդանիների տեսակների համար կարևոր ապաստարանների և բնադրավայրերի կորստի: 

Շատ տեսակներ, մասնավորապես որդերը, միջատները, սողունները, մանր կաթնասունները, կրծողները, մանր թռչունները, չունեն հնարավորություն հրդեհներից պաշտպանվելու կամ փրկվելու համար: Նրանք, ինչպես նաև դրանց բները, ձվերը, ձագերը և այլն, կարող են ոչնչանալ կրակի կամ ծայրահեղ շոգի պատճառով, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազմանը:

Հրդեհները կարող են խախտել էկոհամակարգերի նուրբ հավասարակշռությունը, կարող են խաթարել էկոլոգիական գործընթացները, ինչպիսիք են սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը, բույսերի սերմերի տարածումը: Այս խանգարումը կարող է ազդել տեսակների, ինչպես նաև էկոհամակարգերի ինքնավերականգնման հատկության վրա:

Հրդեհի նկատմամբ զգայուն որոշ տեսակներ կարող են անհետանալ, մինչդեռ կրակին դիմակայելու ունակ տեսակները կարող են գերիշխող դառնալ: Սա կարող է հանգեցնել տեսակների կազմի փոփոխության, դրանց միջև նուրբ կապերի հավասարակշռության խախտման ու կենսաբազմազանության կորստի:

Որոշ էկոհամակարգերի դեպքում երկար ժամանակ է պահանջվում հրդեհից վերականգնվելու համար, հատկապես, եթե հրդեհների հաճախականությունն ու ուժգնությունը ավելի բարձր է, քան էկոհամակարգերի ինքնավերականգնման հատկությունը: Ինքնավերականգնման այս երկար ժամանակահատվածը կարող է վտանգել տարբեր բուսական և կենդանական տեսակների, դրանց պոպուլյացիաների վերականգնումը»,- հայտնում են ՇՄՆ-ից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն