Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյանի տնօրեն Ծովինար Հարությունյանն ու Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը մասնակցել են օրվան նվիրված միջոցառումներին:

Նրանք Կապանում շրջել են ցուցահանդես-վաճառքի տաղավարներով, ծանոթացել համայնքի բնակիչների աշխատանքներին՝ ձեռագործ խաղալիքներից մինչև խնամքի պարագաներ:

Մասնակիցները ներկայացրել են իրենց հաջողված պատմությունները, բիզնեսի զարգացման խոչընդոտները, ինչպես նաև քննարկվել է տեղական բիզնեսի խրախուսման ու ընդլայնման հնարավորությունները:

Ցուցահանդեսի աշխատանքներից Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընտրել է Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաների ձեռքի աշխատանքները և մրցանակաբաշխության ժամանակ պատվոգիր և կարի մենքենա է նվիրել հաստատությանը՝ երեխաների լավագույն շահերին համապատասխան առավել արդյունավետ աշխատանքների նպատակով:

«Երիտասարդությունը ոչ թե տարիք է, այլ հոգեվիճակ: Մենք պետք է հավասար հնարավորություններ ստեղծենք յուրաքանչյուր երեխայի, յուրաքանչյուր երիտասարդի համար՝ առանց խտրականության: Պետք է գնահատենք նրանց ներուժը և յուրաքանչյուրին հնարավորություն տանք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ ձեռք բերել»,- մրցանակը հանձնելիս նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Ըստ Արման Թաթոյանի՝ չնայած պատերազմի արհավիրքին, պետք է շարունակենք շենացնել մեր երկիրը, ամրացնել մեր պետականությունը, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, գնահատվում է յուրաքանչյուրի արժանապատվությունը:

Նշենք, որ այս տարի Կապան համայնքն է ճանաչվել երիտասարդական մայրաքաղաք:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն