Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործելիս
ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման հետևյալ ապրանքները (մեկ ֆիզիկական անձի հաշվարկով)՝
1.Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի), որոնց արժեքը չի գերազանցում 10.000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը՝ ներառյալ ծխախոտ և ծխախոտային արտադրանք հետևյալ չափաքանակներով՝
200 սիգարետ,
կամ 50 սիգար (սիգարիլլա),
կամ 250 գրամ ծխախոտ,
կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով:
2. Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող ալկոհոլային խմիչքներ և գարեջուր՝ 3 լիտր։ Անհրաժեշտ է հիշել՝ 3 լիտրից ավելի, բայց 5 լիտրից ոչ ավելի քանակությամբ ալկոհոլային խմիչքներ և գարեջուր ներմուծելիս՝ 3 լիտր քանակական նորմի գերազանցման մասով ենթակա են վճարման 1 լիտրի դիմաց՝ 10 եվրո միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքեր, հարկեր։
Iravaban.net-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Կարևոր է․ Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանք կարող են տեղափոխել միայն 18 տարին լրացած անձինք:
Կանխիկ դրամական միջոցների և դրամական գործիքների տեղափոխում
Կանխիկ դրամական միջոցները և ճանապարհային չեկերը, ենթակա են հայտարարագրման, եթե ԵԱՏՄ մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ դրանց ընդհանուր գումարը գերազանցում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։
Դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի, ենթակա են մաքսային հայտարարագրման՝ անկախ տեղափոխվող արժեքից։
Կանխիկ դրամական միջոցները և դրամական գործիքները՝ անկախ արժեքից ու քաշից, տեղափոխվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։
Ուշադրություն
Ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցներ և դրամական գործիքներ միանվագ տեղափոխման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի ներկայացման հետ միաժամանակ ֆիզիկական անձը պետք է ներկայացնի այդ միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր։