Նախնական վարկածով խմելու ջրի թունավորումից «Արմավիր» բժշկական կենտրոն դիմած բնակիչների թիվը 26–ն է, նրանցից 10–ը հոսպիտալացվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմավիր» ԲԿ–ի բժիշկ–համաճարակաբան Աշխեն Պողոսյանը։

«Բոլոր դիմողներն էլ եղել են Արմավիրի մարզի Խանջյան համայնքից։ Հոսպիտալացված 10 բնակիչների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մնացած հիվանդները համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել»,– ասաց բժիշկ–համաճարակաբանը՝ հավելելով, որ բնակիչները բժշկական կենտրոն են դիմել օգոստոսի 11–ին եւ 12–ին։ Այսօրվա դրությամբ, դիմողներ չեն եղել։

Հիվանդների մեջ եղել է մեկ անչափահաս երեխա, նա հոսպիտալացվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի 9 բնակիչ եւ հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերոհիշյալ անձանց բնակարաններից կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային փորձաքննություններ:

Արմավիրի մարզի 9 բնակիչ թունավորվել է. քրեական գործ է հարուցվել 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն