Արհեստական բանականության քաղաք՝ Հայաստանում, «երկրի օգտին գործողներ»՝ դրսում. խորհրդատվական ֆորումի խորհուրդները
«Խորհրդատուների համաշխարհային համաժողովն» այս տարի կազմակերպվել է Երևանում: Նախորդ տարի հավաքատեղին Հորդանանն էր։ Ամենամյա ֆորումի հյուրերն աշխարհի տարբեր մայրցամաքներից էին՝ ավելի քան 100 մասնագետ: Բանախոսների մեջ մեծ էր սփյուռքահայ մասնագետների թիվը: Գլխավոր թեման բիզնեսի փոխակերպման կարևոր միտումը՝ թվայնացումն էր:
«Խորհրդատուների համաշխարհային համաժողովի» բանախոսներից հայկական արմատներով Դավիթ Յանը, ով արհեստական բանականության ոլորտի միջազգային մասշտաբի «խաղացող է», նորարար և ներդրող, ներկայացնում է Հայաստանում «արհեստական բանականության քաղաք» հիմնելու գաղափարը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը Սիլիկոնային հովտի «տեղական մոդել» դառնալու մեծ հնարավորություն ունի։ Այն ամերիկյանի նմանությամբ կարող է գրավել օտարերկրյա մասնագետների։
«Երբ մարդիկ գնում են Սիլիկոնային հովիտ, նրանք ցանկանում են մնալ այնտեղ: Որովհետև 15-20 րոպեում կարող են հանդիպել ներդրողների, ինժեներների, նախագծերի ղեկավարների և գործարար մարդկանց հետ: Դա կրիտիկական զանգված է, և այն պետք է հայտնվի նաև Հայաստանում»։
«Ռադիոլուրի» հետ զրուցում Յանը նկատում է՝ արհեստական բանականության ոլորտում կարևոր են տվյալները։ Ոլորտի գիտնականները հետաքրքրված են դրանց մեծ քանակությամբ։
«Մենք կարող ենք ստեղծել մի իրավիճակ, որ մարդիկ գան և կիսվեն այդ տվյալներով։ Դա կարող է նման լինել Երկիր մոլորակի վրա գտնվող միջազգային կայանի: Այդ դեպքում գիտնականները կպայքարեն այստեղ մուտք գործելու համար։
Գաղտնիության պահպանման ընդհանուր կանոնների պատճառով ո՛չ ԱՄՆ—ն, ո՛չ Եվրամիությունը չեն կարող թույլ տալ նման իրավիճակ: Բայց Հայաստանը, լինելով փոքր երկիր, կարող է իր օրենքներում փոփոխություններ մտցնել»։
Հայաստանը գրավիչ հասցե դարձնելու Դավիթ Յանի գաղափարը առանձին քաղաքի հիմնումն է, որտեղ աշխարհի 50 երկրներից արհեստական բանականության ոլորտի 25 հազար լավագույն ուղեղներ կգան և կաշխատեն հատուկ կանոնների ներքո:
Կիպրոսահայ Հայկ Արմաղանյանը, նավթագազային և դեղագործական կենսատեխնոլոգիաների ոլորտի կառավարման խորհրդատու է Լոնդոնում: Խորհրդատվական ծառայություններ է մատուցում նաև Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-ում:
Լոնդոնաբնակ մասնագետը մեր զրույցում անկեղծանում է՝ Դավիթ Յանի գաղափարի ներդրողները կարող են լինել նաև Մերձավոր Արևելքից. եթե Հայաստանը չունի նավթ և գազ, կարող է հնարավորությունների փոխանակման ուղղությամբ շարժվել, խնդիրը «խաղաքարտերի» գինը գիտակցելն է:
«Իմ խորհուրդն է լծակ ներդնել Սփյուռքի վրա, որպեսզի Հայաստանից դուրս ավելի շատ մարդիկ ունենանք «մաշկով զգալու խաղ» խաղալու համար: Այդ դեպքում ռիսկի ընդհանուր ընկալում կլինի, և արտասահմանյան երկրների հետ գործարքներում ավելի լավ միջնորդներ կունենանք: Շատերը չեն գիտակցում, թե որքան գրավիչ է Հայաստանը: Հաղորդակցման համար մեզ պետք են մարդիկ, որոնք լավ համբավ ունեն այլ երկրներում՝ լինի Աբու Դաբիում, թե Ֆրանսիայում»:
Համաժողովի կազմակերպիչ «Կառավարման խորհրդատուների հայաստանյան ինստիտուտի» նախագահ Նաիրա Մարգարյանը ֆորումի գլխավոր թեման՝ թվայնացումը, հայաստանյան բիզնեսի համար կարևոր է համարում:
«Միայն Հայաստանում չէ այդպես, նույնիսկ ավելի մեծ և զարգացած երկրներում է։ Բիզնեսները չեն շտապում, կա խուսափողականություն, բայց այն ղեկավարները, որոնք հասկանում են, որ վաղվա օրն առաջինը դա է բերելու, նախընտրում են անել այսօր, մի փոքր էլ առաջ ընկնել: Բայց մենք տեսնում ենք Հայաստանում, մասնավորապես ֆինանսական ոլորտում, որը հաճախ ամենաառաջատարներից է, այդ տեխնոլոգիաները շատ արագ են ներդրվում, հաճախ շատ ավելի որակով, քան մեծ երկրներում»:
Խորհրդատուները պետք է բիզնեսից 1 քայլ առաջ լինեն՝ հիշեցնում է «Կառավարման խորհրդատուների հայաստանյան ինստիտուտի» գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանը:
«Կոնֆերանսը համախմբում է խորհրդատուների՝ ամբողջ աշխարհից: Հյուրերի մեծամասնությունն առաջին անգամ է Հայաստանում: Խորհրդատուները պարտավոր են զբաղվել իրենց զարգացմամբ, ուսումնասիրել նորագույն թրենդները, որպեսզի այն կարողանան փոխանցել բիզնեսին»: