Արամ Սարգսյանը պարզաբանել է, թե հաղորդակցությունների ապաշրջափակման ո՞ր տարբերակն է ձեռնտու Հայաստանի համար
Եթե հաղորդակցությունների արգելափակման դեպքում մենք Թեհրանով կարողանանք երկաթուղով հասնել Պարսից ծոց, դա թույլ կտա Հայաստանին կապող օղակ դառնալ եվրոպական երկրների եւ Պարսից ծոցի միջեւ, ինչը մեզ համար անվտանգության երաշխիքներ կստեղծի, քանի որ 30-35 եվրոպական երկրներ շահագրգռված կլինեն տարածաշրջանի անվտանգությամբ: Այս մասին օգոստոսի 13 -ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Բայց եթե բացվի միասյն Թուրքիայից Ադրբեջան տանող ճանապարհը Նախիջեւանով եւ հակառակը, ապա Հայաստանը կրկին կհայտնվի շրջափակման մեջ, թուրքական «պարկի» մեջ: Դա կնշանակի, որ առանց զենքի Թուրքիան տնտեսական մեթոդներով կկարողանա այստեղ նվաճողական քաղաքականություն վարել, քանի որ Հայաստանը խանգարում է դրան պանթուրքիզմի գաղափարի իրագործման ճանապարհին: Հայաստանից հետո Թուրքիան կտարածվի դեպի Հյուսիսային Կովկաս, Վոլգայի տարածաշրջան եւ հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այսօրվա պայմաններում անհնար է պատկերացնել, որ հաղորդակցության ապաշրջափակումով հայկական բեռները կարող են հատել Ադրբեջանի տարածքը:
«Եթե մարդիկ դա չեն հասկանում, ապա վերլուծական միտքը կամ չի գործում, կամ աշխատում է հակառակ ուղղությամբ»,- հավելեց Արամ Սարգսյանը: