Կիրականացվի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Երկարաժամկետ կայուն զարգացում ապահովելու համար Հայաստանի Հանրապետության առջև ծառացած են հիմնական ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման լայնածավալ խնդիրներ: Հաշվի առնելով դեպի ծով ուղիղ ելքի բացակայությունը՝ տրանսպորտային կապերի բարելավումը և տրանսպորտային ծախսերի նվազեցումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից են։ Երկրի ներսում տարածքների միջև տրանսպորտային կապը մեծացնելու, հարաբերական տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու և երկրի տարանցիկ ներուժն իրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիրը։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ՝ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝ 1) 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125, 2) 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775, 3) 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև կնքվող «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով համաֆինանսավորվող ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանն աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածները (կմ0+000÷կմ27+104 և կմ 35+775 ÷ կմ60+022)։ Պայմանագրի շրջանակներում կառուցվելու է շուրջ 27.1կմ և 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհահատվածներ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։