Պետք է ավելի շատ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա․ Ռուբեն Վարդանյանի որդի
Մենք պետք է ավելի շատ խոսենք քաղբանտարկյալների մասին, պետք է ավելի շատ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Մենք բոլորս գիտենք, որ այն, ինչ տեղի է ունենում, ամբողջովին հակասում է միջազգային նորմերին և չափանիշներին, և մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ նման պահվածքը չի կարելի հանդուրժել, հատկապես, եթե այդ երկիրը ցանկանում է դիրքավորվել միջազգային հարթակում։ Սա գործողության կոչ է, որին պետք է արձագանքենք: Այս մասին TheArmenianReport-ին ասել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:
Նա նշել է, որ իր հայրը մեկ տարի ապրել է Արցախի ժողովրդի հետ, կարճ ժամանակով՝ երեք ամիս, զբաղեցրել է պետնախարարի պաշտոնը։ Նրա աշխատանքը, սակայն, հիմնականում կենտրոնացած է եղել հումանիտար խնդիրների և կրթական ծրագրերի վրա. «Վերջին ութ ամիսներին նա պարզապես տեղացի էր, որը, Չնայած ստեղծված ծանր իրավիճակին, շարունակում էր իրականացրել մարդասիրական և բարեգործական բազմաթիվ ծրագրեր»։
«Ես անհանգստանում եմ հորս համար, բայց նաև անհանգստանում եմ բոլոր այն հայերի համար, որոնք պահվում են Բաքվում։ Կարծում եմ, որ հորս՝ Ռուբեն Վարդանյանի նման մարդու ձերբակալությունը շատ հստակ ուղերձ էր, որը հղվեց ողջ հայ ժողովրդին, այն է՝ ոչ մի հայ անվտանգ չէ, և նման բան կարող է պատահել բոլորի հետ», -նշել է Դավիթ Վարդանյանը։