ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 15-ին մասնակցել է SILICON MOUNTAINS 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովի պանելային քննարկմանը և խոսել  արհեստական բանականության զարգացման հնարավորությունների ու մարտահրավերների մասին:

Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ արհեստական բանականությունը` որպես տեխնոլոգիա, աշխատանքի բավականին լայն տիրույթ է ձևավորում ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև այլ ոլորտների համար: ԱԺ փոխնախագահը հավելել է, որ այստեղ հիմնական ուժը, կարողությունը ձևավորվում է գիտելիքի միջոցով: Նշվել է, որ ՀՀ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր կոմիտեում, ինչպես նաև գիտության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում սահմանված հինգ ուղղություններից մեկն էլ արհեստական բանականությունն է:

«Կարծում եմ` տնտեսության լավագույն հնարավորությունն այն է, երբ, օրինակ, գյուղատնտեսական ոլորտում խոշոր ընկերությունն իր աշխատողներին սովորեցնում է արհեստական բանականության գործիքներից օգտվել` առօրյա աշխատանքն իրականացնելու համար: Տեխնոլոգիական հզորություններով համադրված գիտելիքներով և տնտեսության ճյուղերի միջև կամուրջներ կառուցելով` մենք կկարողանանք առավելագույն օգուտներ բերել Հայաստանին»,- արձանագրել է ԱԺ փոխխոսնակը:

Հակոբ Արշակյանը խոսել է ոլորտում մեր երկրի` դեռևս Խորհրդային Միության ժամանակաշրջանում ձևավորված ավանդույթների մասին: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը փորձում է չշեղվել այդ ավանդույթներից և, միևնույն ժամանակ, շուկայում հյուրընկալում բազմաթիվ խոշոր ընկերությունների, որոնք վերջերս իրենց սեփական գիտահետազոտական ռեսուրսով տեղափոխվել են Հայաստան:

«Բազմաթիվ ավանդույթներ ամրապնդվեցին նաև Սփյուռքի աջակցությամբ: Հայաստանում հիմնված բազմաթիվ ընկերությունները հսկայական օժանդակություն են ստանում Սփյուռքից և լայն կապեր ունեն Սիլիկոնյան հովտի պես կենտրոնների, ինչպես նաև եվրոպական տեխնոլոգիական կառույցների ու համայնքների հետ: Վստահ եմ, որ ներդաշնակ միջավայրում փոխգործակցությունը լավագույնս կնպաստի Հայաստանի աճին»,- վստահեցրել է ԱԺ նախագահի տեղակալը:

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել դպրոցականների տվյալահենք մտածողության զարգացմանը: Նշվել է, որ արհեստական բանականության կիրառումը մեծ ազդեցություն կունենա մի շարք ոլորտների զարգացման վրա: Քննարկումներ են ընթացել Հայաստանում արդյունաբերական ոլորտի վրա արհեստական բանականության ազդեցության և տված հնարավորությունների շուրջ:

ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով արհեստական բանականության մարտահրավերներին, կարծիք է հայտնել, որ ցանկացած արդյունաբերական հեղափոխության պարագայում եղել են նման մարտահրավերներ, որոնք հաղթահարվել են:

Հակոբ Արշակյանը խոսել է նաև սկսնակ ընկերությունների գործունեության մասին: Ըստ նրա` կան նորարարություններ, որոնք ի տարբերություն բազմազգ ընկերությունների` կարող են ի հայտ գալ սկսնակների մոտ:

«Հետևաբար, շատ կարևոր  է հենց բազմազգ ընկերությունների շուրջ ճիշտ էկոհամակարգ ունենալը: Բազմազգ ընկերությունների ստարտափները համադրություն են, ինչը Հայաստանին բերում է նորարարության առաջնագիծ: Մենք Հայաստանում ներկայացված մի շարք բազմազգ ընկերություններ ունենք, որոնց շուրջ կան բազմաթիվ ստարտափներ, որոնք լիարժեք օգտագործում են իրենց գիտելիքն ու կապերը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Ոլորտում կենսունակ էկոհամակարգը Հակոբ Արշակյանը պայմանավորել է նաև Սփյուռքի ներուժով:

«Բարձր տեխնոլոգիաներն ապահովում են ՀՆԱ-ի 7 տոկոսը և կարծում եմ, որ ունենալով ոլորտում ավելի քան 50.000 մասնագետներ` էկոհամակարգի ապագան բավականին պայծառ և հուսադրող է»,- փաստել է նա:

Պանելային քննարկմանը մասնակցող տարբեր ոլորտների և ուղղությունների փորձագետները ևս ներկայացրել են իրենց փորձն ու տեսլականն այն հարցի շուրջ, թե ինչ ազդեցություն կունենան տնտեսության և կրթության վրա արհեստական բանականության զարգացմանն ուղղված ներդրումները:

SILICON MOUNTAINS 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովը մեր երկրում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն