Տրանսպորտի արտոնությունները վերաբերելու են մոտ 550 հազար մարդու. Երևանի ավագանին ընդունեց նախագիծը
Երևանի ավագանին ընդունեց միասնական տոմսային համակարգին անցման պարագայում արտոնություններ տրամադրելու որոշման նախագիծը: Որոշումն ընդունվեց 34 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայներով:
«Այս նախագծով արտոնությունները վերաբերելու են մոտավորապես 550 հազար մարդու»,- հայտարարեց Ավինյանը:
Հիշեցնենք, որ նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը անվճար մատուցվի, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20% մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, 63 տարեկանը լրացած թոշակառուներին 30%, ուսանողներին՝ անկախ հաշվառման վայրից, 15%, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց 1-ին կամ 2-րդ խմբի կամ, նոր դասակարգմամբ, խոր կամ ծանր՝ անվճար, պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից, «Փարոսի» շահառու են՝ 20%, նախկին ԽՍՀՄ հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և փառքի 3 աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց՝ անվճար, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների ծնողներին՝ 4 և ավելի երեխաներ ունեցողներին, նույնպես անվճար: