ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ նոյեմբերի 20-ին այցելել է Picsart Academy, որը հանրահայտ Picsart ընկերության կրթական հաստատությունն է՝ մասնագիտացած տեխնոլոգիական տարբեր ուղղություններով և ծրագրավորման տարբեր լեզուների մասնագետների պատրաստմամբ։ 

Picsart Academy-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը շրջել է ակադեմիայում, ծանոթացել դասընթացների բնույթին, տևողությանը, արդյունավետությանը, ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին։ Նշվել է, որ վերջին տարիներին կրթական տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ նպատակ ունենալով Հայաստանում ոլորտի բարձրորակ նոր մասնագետներ պատրաստել։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ դասընթացները մեծ պահանջարկ ունեն, ինչը լավագույն վկայությունն է, որ ընկերության կողմից կազմակերպվող կրթական ծրագրերի նկատմամբ վստահություն կա։ Ընկերությունից նշեցին՝ դեռևս խնդիր է մնում ուսանողների անգլերենի իմացության հարցը։



Նախարար Մխիթար Հայրապետյանը, կարևորելով հատկապես տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ ընկերությունների կողմից կրթական ծրագրերի իրականացումը, որն, անշուշտ, ներառում է գործնական պարապմունքներ և ծանոթություն ընկերության գործունեությանն ու ձեռքբերումներին, նշել է, որ այն կարևոր ազդակ կարող է լինել ուսանողների համար առավել խորանալու տվյալ բնագավառում։ Անդրադառնալով անգլերենի իմացության հետ կապված խնդրին՝ նախարարը նշել է, որ այն շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։


Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաև օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված  են խթանելու նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական ոլորտ։ Անդրադարձ է կատարվել նախարարության կողմից իրականացվող  «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչով առաջիկայում նախատեսվող մրցույթին, ինչպես նաև «Կարողությունների զարգացում» բաղադրիչին, որով ոլորտի շուրջ 300 աշխատակից տարբեր ուսումնական հաստատություններում մասնակցում են վերապատրաստման ծրագրերի։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցության հնարավորությունները և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ աշխատանքների հետագա ընթացքն ապահովելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն