ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հորդորը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հորդորում է ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
«Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ այն, որ ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նրա «070» ծածկագրով անձնագիրը դառնում է անվավեր, ինչի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոշակ ու նպաստ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, այլ երկրի վիզա ստանալու կամ արտերկիր մեկնելու հետ կապված»,- ասված է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հաղորդագրությունում։
Այդ պատճառով ծառայությունը հորդորում ենք ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
«Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում անհրաժեշտ է ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ»:
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ պարզեցված և արագացված ընթացակարգով։
«Այդ նպատակով Երևանում անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ մարզերում՝ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ (անձնագրային բաժիններ): Դիմելու համար նախօրոք հերթագրվելու կարիք չկա․ սպասարկումն իրականացվում է կենդանի հերթի ձևաչափով»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են․
1) դիմում-հարցաթերթ (լրացվում է տեղում),
2)անձը հաստատող վավեր փաստաթուղթ («070» ծածկագրով անձնագիր), դրա պատճենը և ԺՊ վկայական,
3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
4) ծննդյան վկայականը և դրա պատճենը,
5) եթե անձը կրում է ամուսնու ազգանունը՝ ամուսնության վկայականը և դրա պատճենը, ինչպես նաև ամուսնու անձնագրի պատճենը,
6) 28.11.1981 թ․ հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերի, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենները:
Օտար լեզվով փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն և վավերացվեն նոտարի կողմից։