Երևան-Սևան ճանապարհին 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի առթիվ հարուցվել է քրգործ
Հրազդան քաղաքի բնակիչը օգոստոսի 14-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում իր կողմից վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհով դեպի Երևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում թույլ տալով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություններ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող գովազդային վահանակին, այնուհետև՝ ծառին և կանգ առել: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ավտովթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող հինգ ուղևորներից երկուսը մահացել են, իսկ վարորդը և մյուս երեք ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Հինգ ուղևորները ճանաչվել են տուժող:
Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են վարորդի հագին պատահարի ժամանակ եղած հագուստները, վերջինիցս վերցվել է արյան նմուշ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:
ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն: