Անվտանգային միջոցառումներ չեն իրականացվել, Ադրբեջանն էլ սահմանին իրեն նման լկտի ձեւով է դրսեւորում․ Աբրահամյան
Նոյեմբերի 9-ից հետո մեր անվտանգային համակարգի վերականգնման ուղղությամբ հրատապ միջոցառումներ չեն իրականացվել, ինչից օգտվելով Ադրբեջանը սահմանին լարված իրավիճակ է ստեղծում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պետք է արձանագրենք, որ մեր սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաեւ նրանով, որ նոյեմբերի 9-ից հետո մեր անվտանգային համարակարգի վերականգնման ուղղությամբ հրատապ միջոցառումներ չեն իրականացվել, ինչից օգտվելով Ադրբեջանը տարբեր կոշտ հայտարարություններ է անում եւ սահմանին իրեն նման լկտի ձեւով է դրսեւորում։ ԶՈՒ բարեփոխումները, մարտունակության վերականգնումը, վերախմբավորումները, անվտանգության համակարգի բարեփոխումները միակ գործոններ են, որոնք հնարավորություն են տալու Հայաստանին եւ Արցախին առավել ամուր դիրքավորվելու բանակցակային գործընթացում՝ որ ուղղությամբ էլ որ գնա պրոցեսը։ Առաջնային է, որ Արցախին եւ Հայաստանին վերաբերող բոլոր հարցերը քննարկվեն եւ ներկայացվեն մեկ փաթեթով, որտեղ լուծումները չեն վնասի Արցախին եւ Հայաստանին»,- ասաց նա։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո սկիզբ առած բանակցային գործընթացներ չեն գնում այն ուղղությամբ, որը նախանշված է եղել հետպատերազմյան ժամանակահատվածում։
«Ադրբեջանն այս ընթացքում հանդես է եկել առաջարկություններով, որոնք ըստ էության պարտադրանք են թվում եւ նոր կորուստներ ենթադրում։ Եվ այս պարագայում Ադրբեջանն այդ ծրագրերին հասնելու համար գնում է սահմանային լարվածության հրահրման։ Մենք ունենք նաեւ մեկ այլ նոր մակարդակ, երբ Ադրբեջանը կրակ է բացում բնակավայրերի ուղղությամբ, որով շատ ավելի է խորացնում ստեղծված իրավիճակը»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։