Օգոստոսի 17-ին Արցախի խորհրդարանի ղեկավարը ընդունել է «Արդարություն» խմբակցության անդամներին: Այս մասին  տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

ԱԺ նախագահը ողջունելով  խմբակցության անդամներին՝ ներկայացրել է իր՝ որպես խորհրդարանի ղեկավարի պաշտոնական եւ ոչ պաշտոնական, ինչպես նաեւ չլուսաբանված հանդիպումների մասին տեղեկատվություն եւ դրանցից  ակնկալված ու ստացված արդյունքները:

Արթուր Թովմասյանը կարեւորել է Արցախի «Արդարություն» կուսակցության գործունեությունը՝ որպես երկրում գործող ընդդիմադիր ուժի եւ ընդգծել. «Եթե իշխանությունը իր թիկունքում չզգա  ընդդիմության շունչը, ապա այն լճացում կապրի բառիս ամբողջական իմաստով»։

Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը գոհունակություն է հայտնել ընդունելության համար, կիսվել խմբակցության մտահոգություններով եւ հույս հայտնել,որ  նման ձեւաչափով հանդիպումները  կլինեն շարունակական:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության եւ կարեւորության մասին, ԱՀ եւ ՀՀ միջխորհրդարանական կապերի վերականգնմանն ու ակտիվացմանն առնչվող  եւ այլ հարցեր:

ԱԺ նախագահը վստահեցրել է, որ խմբակցության կողմից ներկայացված ցանկացած առաջարկ պատրաստ են քննարկելու:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն