Առաջիկայում կստեղծվի Ուրուգվայի հետ ներկայացուցչական կազմով բարեկամական խումբ. Ալեն Սիմոնյանը՝ Ուրուգվայի ԱԳ նախարարին
Ողջունելով հյուրին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացումը եւ ամրապնդումը: «Անկախ այն փաստից, որ Հայաստանին եւ Ուրուգվային բաժանում է աշխարհագրական չափազանց մեծ հեռավորությունը, դրանից մեր երկրների եւ ժողովուրդների հարաբերությունները երբեք չեն տուժել»,-ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Խոսելով հայ-ուրուգվայական միջպետական կապերի մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ծավալել փոխշահավետ համագործակցություն. «Մեր երկրների միջեւ բարեկամությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության եւ փոխաջակցության վրա»:
Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել 2019-ին Երեւանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, ինչը կարեւոր խթան է երկկողմ փոխգործակցության համար: ԱԺ նախագահը նաեւ ողջունել է առաջիկայում Հայաստանում Ուրուգվայի դեսպանատան բացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուրուգվայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Հյուրը խոսել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվել է նաեւ բարեկամական խմբերի միջեւ համագործակցությանը: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում կստեղծվի Ուրուգվայի հետ ներկայացուցչական կազմով բարեկամական խումբ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը փաստել է. «Հայաստանում բոլորը գիտեն, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է»: Այս համատեքստում Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն տեղեկացրել է, որ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նա նշել է, որ Հայաստանի պատմությունը կարելի է ամփոփել երկու բառի մեջ՝ ցավ եւ հույս: «Ցավ, որին ողջ պատմության ընթացքում առերեսվել է հայ ժողովուրդը, բայց հույս՝ հետագա հրաշալի ապագայի համար, որը սպասում է հայ ժողովրդին»,-հավելել է հյուրը:
Կողմերը խոսել են նաեւ Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի մասին՝ ընդգծելով նրա դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում: