Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական օկուպացիայի եւ վերջին օրերին սահմանագծի տարբեր հատվածներում մահվան ելքով սադրանքների ֆոնին, ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունների վերսկսումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետի, ՌԴ կառավարության նախագահի տեղակալի եւ Ադրբեջանի փոխվարչապետի մասնակցությամբ  աշխատանքների վերսկսմանը։

Նա, մասնավորապես, գրել է...

«ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

«Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաեւ ՀՀ վարչապետի, ԱՀ նախագահի եւ ՌԴ նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,- նշված է հաղորդագրությունում։

Եթե չեմ սխալվում, վերջին անգամ նման ձեւաչափով հանդիպում տեղի էր ունեցել ապրիլին, իսկ մայիսի 12-ի՝ Սյունիք եւ Գեղարքունիք ադրբեջանական ներխուժումից հետո, հանդիպումների շարքը կասեցվել էր։

Եվ ուրեմն ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական օկուպացիայի եւ վերջին օրերին սահմանագծի տարբեր հատվածներում մահվան ելքով սադրանքների ֆոնին, ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունների վերսկսումը։

Արդյո՞ք սա ենթադրում է, որ Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը Հայաստանում հավանության է արժանացել եւ իշխանությունները հանդուրժելով Ադրբեջանի՝ ՀՀ սուվերեն տարածքում գտնվելու փաստը, առաջնորդվում են ադրբեջանական հավակնությունների տրամաբանության ներքո։

Կոմունիկացիաների բացման, սահմանների դեմարկացիայի եւ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա միջազգային ճանաչման հարցը պետք է լինեն մեկ ընդհանուր փաթեթում։

Արցախի հարցը դուրս թողելով ընթացիկ բանակցային օրակարգից, հենց մեկնարկում այս իշխանությունն արձանագրում է, որ առաջ է շարժվում Ադրբեջանից պարտադրվող նախապայմաններով, որում բացառապես ներկայացված է Ադրբեջանի պետական շահը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն