Այս ընթացքում Արցախում շուրջ 70 մլրդ դրամի ծրագրեր են արդեն իսկ իրականացվել. Նիկոլ Փաշինյան
Կառավարության կարեւորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն ու կառավարումը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին ամիսներին համաձայն նոյեմբերի 18-ին մեր հրապարակած ճանապարհային քարտեզի համաձայն այնտեղ կար երկու կետ, որն ուղղակիորեն առնչվում էր Լեռնային Ղարաբաղին. առաջինը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելը եւ Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը վերականգնելը։ Երկրորդ հարցում բավականին ակտիվ գործունեություն ենք ծավալել։ Այս ընթացքում Արցախում շուրջ 70 մլրդ դրամի ծրագրեր են արդեն իսկ իրականացվել, այդ ծրագրերի իրականացումը շարունակվում է։ Մենք այս ուղղությամբ շարունակելու ենք առաջ շարժվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: