Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հայաստանում Չինաստանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այսօր՝ օգոստոսի 18–ին, հյուրընկալել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
ԱԺ փոխնախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը: Նա նշել է, որ երկկողմ փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը: Հակոբ Արշակյանն ընդգծել է բարեկամական խմբերի միջեւ համագործակցության սերտացման եւ փոխայցերի կարեւորությունը:
Կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվլել են հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոստային ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ օդային կապի գործարկման վերաբերյալ:
Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների բարեկամական կապերի ավելի ակտիվացման եւ խորացման գործում: