ՄԻՊ-ը վարույթ է սկսել 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերվելու փաստով
Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Նախարարը Մարդու իրավունքների պաշտանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել է Նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է:
Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ:
Միջադեպի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին: