Բացահայտվել է է «Տելեգրամի» միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են կազմակերպված խմբի անդամների ինքնությունը, թմրամիջոցների իրացման մեխանիզմը:
Պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակչի առաջարկով եւ կազմակերպմամբ, իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու, պահելու եւ իրացնելու դիտավորությամբ, ստեղծվել է կազմակերպված կայուն խումբ, որի անդամները մանրակրկիտ պլանավորել եւ հստակ դերաբաշխել են յուրաքանչյուրի գործողությունները:
Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացվել է «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով:
Մասնավորապես, ըստ դերաբաշխման, խմբի անդամները «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում իրացնելու նպատակով գրանցված անհայտ օգտատերերից ձեռք են բերել թմրամիջոցներ, նախապես փաթեթավորել եւ տեղադրել են Երեւան քաղաքում եւ ՀՀ մարզերում, որից հետո տվյալ տարածքի լուսանկարը եւ կոորդինատներն ուղարկել են հիշյալ օգտատերերին՝ յուրաքանչյուր լուսանկարի համար ստանալով 1000-2000 ՀՀ դրամ գումար:
Այնուհետեւ, նույն «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով, անհայտ օգտատերերից ստացել են թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ, իսկ «Իդրամ» եւ «Ադջարաբետ» էլեկտրոնային վճարահաշվարկային հավելվածների՝ իրենց օգտահաշիվներին կատարված տարբեր չափերի գումարի փոխանցման կտրոնի լուսանկարները ստանալուց հետո, այն բջջային հեռախոսի տարբեր հավելվածների միջոցով ուղարկել են խմբի այն անդամին, ով ստուգել է խմբի անդամների՝ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու նպատակով բացված հաշվեհամարները եւ համոզվելով, որ կտրոնում նշված գումարը փոխանցվել է, այդ մասին հայտնել է հանցակիցներին, որից հետո նրանք նախապես տեղադրված թմրամիջոցի լուսանկարը եւ կոորդինատներն ուղարկել են թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար առաջարկություն կատարած օգտատիրոջը, իսկ ստացված եկամուտները բաշխել են խմբի անդամների միջեւ:
Շարունակելով իր հանցավոր գործունեությունը եւ ընդլայնելով խմբի կազմը, մշտապես թմրամիջոցների մեծաքանակ կայուն մատակարարում ապահովվելու համար, հանցավոր խումբը կազմավորած անձը խմբի մեջ ներգրավել է երկու անձի եւս, որոնցից պարաբերաբար իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել տարբեր չափերի «մարիխուանա» եւ «կանեփ» տեսակի թմրամիջոցներ, որոնք նույն ճանապարհով ապօրինի իրացրել են, իսկ ստացված եկամուտը բաշխել են խմբի անդամների միջեւ:
Քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի անդամներն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 3616,98 գրամ քաշով «մարիխուանա» եւ խոշոր չափերի 7315 գրամ քաշով «կանեփ» տեսակի թմրամիջոցներ:
2021թ. փետրվարի 11-ին կազմակերպված խմբի անդամների անձնական եւ բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է մոտ 11կգ թմրամիջոց, ինչի հետեւանքով չեն կարողացել իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպված խմբի յոթ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Մեղադրյալներից վեցի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ընդգրկված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: