Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Արցախի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության և իրավիճակի մասին» արտահերթ զեկույց։ Այս մասին  տեղեկանում ենք ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։

Զեկույցը կազմվել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքներով։ Այս ոլորտում հետազոտությունն առաջինն է Արցախի Հանրապետությունում, որի նպատակն էր խորությամբ ուսումնասիրել և ներկայացնել ԱՀ-ում երեխաների իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության համար առկա օրենսդրությունն ու իրավիճակը:

Հետազոտությունն իրականացվել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ԱՀ օրենսդրության և պրակտիկայի համապատասխանելիության, դրանց կարգավորվածության աստիճանի համատեքստում: Հետազոտության ենթարկվել են ոչ թե բոլոր իրավունքները, այլ այն համախումբը, որն ընտրվել է աշխատանքային խմբի կողմից առաջնահերթության, կարևորության ու համապարփակության տեսանկյուններից: Հետազոտված իրավունքները ներկայացվել են միջազգային և ազգային չափանիշների համատեքստում:

Հետազոտությունն իրականացվել է 2020թ-ի մայիսից մինչև 2021թ-ի օգոստոս: Աշխատանքներն ընդհատվել էին 2020թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ-ի հունվար՝ պայմանավորված ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից սանձարձակած ագրեսիվ պատերազմով և դրա հետևանքներով:

Զեկույցում ներկայացվել են երեխայի տարբեր իրավունքների վերաբերյալ 170 առաջարկություններ, որոնց վերաբերյալ Պաշտպանը քննարկումներ է ունենալու իրավակիրառ և օրինաստեղծ մարմինների հետ՝ դրանք կյանքի կոչելու օպտիմալ ձևաչափեր գտնելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն