Այն, որ առասպելները ծնվում են իրականությունից փաստում են մարդու ամենամտերիմ բարեկամ շները: Մինչ օրս կարելի է լսել պատմություններ, որ շունը զգում է այն, ինչ մարդը չի տեսնում։ Օրինակ նա կանխազգում է մահը:

Հայոց հնագույն հավատալիքներում շունը սահմանների պահապան է։ Նա ապրում է այնտեղ, որտեղ ավարտվում է մարդկային աշխարհը և սկսվում է անհայտը։ Այդ պատճառով էլ նրա կերպարը երկակի է. նա կարող է և՛ տանել հոգին դեպի անդրշիրիմյան աշխարհ, և՛ վերադարձնել կյանքը մահվան եզրից։

Սարգիս Հարությունյանը նշում է, որ հայկական առասպելական համակարգում շունը հանդես է գալիս երկու հիմնական կերպարով։ Մի կողմից՝ որպես հոգեառ Առնակ կամ Առնակային (Առնակավոր) շուն, որի վրա դրված է հոգիներին ճանապարհելու առաքելությունը, մյուս կողմից՝ որպես Արալեզ, որ լիզելով հերոսի վերքերը՝ փորձում է վերադարձնել նրան կյանքը։ Այսպիսով, նույն կենդանին դառնում է կյանքի և մահվան միջև անցման խորհրդանիշը։

Այս պատկերացումը եզակի չէ։ Այն պատկանում է հնդեվրոպական ժողովուրդների շատ հին աշխարհայացքին։ Վեդայական Հնդկաստանում մահվան աստված Յամայի ճանապարհը հսկում են երկու չորսաչք շներ, որոնք ուղեկցում են մահացածների հոգիներին։ Հին Իրանում շունը համարվում էր այն կենդանին, որը կարողանում էր պաշտպանել մահացածի հոգին չար ուժերից, իսկ նրա ներկայությունը պարտադիր էր թաղման որոշ ծեսերում։ Հունական դիցաբանությունում անդրաշխարհի դարպասները պահպանում է Կերբերոսը, իսկ սկանդինավյան ավանդության մեջ նույն սահմանը հսկում է Գարմր շունը։ Անկախ լեզվից կամ աշխարհագրությունից, կրկնվում է նույն գաղափարը. աշխարհի սահմանին կանգնած է շունը։

Համեմատական դիցաբանությունը վաղուց է նկատել, որ սա հնդեվրոպական ամենակայուն պատկերացումներից մեկն է։ Շունը ոչ միայն պահակ է, այլ նաև միջնորդ։ Նա տեսնում է այն, ինչ կենդանիներից քչերին է տրված տեսնել, և անցնում է այն սահմանները, որոնք մարդու համար փակ են։

Հայկական էպիկական ավանդությունն այս հնագույն գաղափարը պահպանել է մեկ այլ խորհրդավոր կերպարով։

Արտավազդ արքան, ըստ ժողովրդական ավանդության, շղթայված է լեռան խորքում։ Օրնիբուն երկու շներ լիզելով նրա երկաթե շղթաները, փորձում են նրան ազատել։

Այսպիսով շունը պահպանում է տունը, հոտը, սրբավայրը, լեռան մուտքը, մահացածի ճանապարհը և նույնիսկ աշխարհի կարգը։

Թերևս հենց այդ պատճառով հայկական Գամփռը ժողովրդական գիտակցության մեջ երբեք չի ընկալվել պարզապես որպես հովվաշուն։ Նրա մեջ շարունակել է ապրել շատ ավելի հին կերպարը՝ այն պահապանը, որը ճանաչում էր աշխարհի բոլոր ճանապարհները՝ կենդանիների, մարդկանց, աստվածների և մահացածների։

Երբ հայը նայում էր իր շանը, գուցե տեսնում էր ոչ միայն հավատարիմ ընկերոջը, այլև այն արարածին, որն արդեն հազարավոր տարիներ կանգնած էր աշխարհի դարպասների մոտ։

Աղբյուրներ

• Սարգիս Հարությունյան, Հայ առասպելաբանություն, Երևան, 1987։

• Լուսինե Տերտերյան, Kadath. Garmr ou Gampr։

• Վեդայական, իրանական, հունական և սկանդինավյան հնդեվրոպական դիցաբանությունների համեմատական ուսումնասիրություններ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ