Սա շատ փոքր, լուծելի խնդիր է: Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման հետ կապված իրավիճակը:
Նրա խոսքով՝ այս «միջադեպը» չի կարող ազդեցություն ունենալ Սյունիքի անվտանգության վրա: «Եթե մենք 200 մետր շրջանցիկ ճանապարհ կառուցենք, խնդիրը կլուծվի: Պետք չէ այդքան բարդացնել այս միջադեպը»,- նկատեց Ղահրամանյանը՝ ակնհայտորեն նորմալ երևույթ համարելով, երբ մոտ հիսուն մեքենաներ, այդ թվում՝ երեխաներով, շրջապատված են հակառակորդի զինվորականներով:
Միաժամանակ նա խոստովանեց, որ Հայաստանն ավելի լուրջ խնդիրներ ունի անվտանգության համակարգի ոլորտում: