Արմեն Գևորգյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է. փաստաբանները նշում են՝ կան բարոյական սահմաններ, որոնք խախտել երբեք չի կարելի
ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Արմեն Գևորգյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Էրիկ Ալեքսանյանը։
«Գործող իշխանությունը աչքի է ընկնում նրանով, որ քաղաքական հետապնդումները չեն շրջանցում նաև թիրախում հայտնված մարդու ընտանիքի անդամներին, հարազատներին։ Նման պատկեր է առկա նաև Արմեն Գևորգյանի հարազատների պարագայում, թիրախավորվել են Արմեն Գևորգյանի ու նրա կնոջ բազմաթիվ հարազատներ:
Շուրջ մեկ տարի առաջ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Ա.Գևորգյանի 75 ամյա հորը` Անդրանիկ Գևորգյանին, նրա նկատմամբ ընտրել խափանման միջոց, սահմանափակելով սահմանային շարժը։ Այս ամենի հետևանքով արդեն մեկ տարի է, ինչ Անդրանիկ Գևորգյանը զրկված է անգամ բուժման նպատակով Հայաստանից մեկնելու հնարավորությունից։
Այսօր արդեն տեղեկացանք, որ Արմեն Գևորգյանի հոր ողջ գույքի վրա արգելանք է դրվել։ Այն որ այդ որոշումն ակնհայտ ապօրինի է` կասկածից վեր է։ Սակայն զավեշտը կայանում է նրանում, որ այդ նույն գույքի վրա արգելանք դնելու մասին առկա են արդեն երկու որոշում։ Առաջին որոշմամբ արգելանքը դրվել է այն հիմնավորմամբ, թե Անդրանիկ Գևորգյանի անվամբ առկա գույքն իրականում իբր պատկանում է Արմեն Գևորգյանին։ Նոր որոշմամբ սակայն նույն մարմինը «գտնում» է, թե այդ գույքը պատկանում է հատկապես Անդրանիկ Գևորգյանին։ Նշվածն արդեն պարզ վկայությունն է այն փաստի, որ օրինական նպատակ չհետապնդող այս գործողությունները, որոնց մեջ խճճվել է անգամ նախաքննությունն իրականացնող մարմինը, ճղճիմ հետապնդման հերթական դրսևորումն են։ Ավելին` արգելանք է դրվել իբր թե հանցավոր ճանապարհով ձեռք բերված այնպիսի գույքի վրա, որը ձեռք բերված է եղել շատ ավելի վաղ, քան առաջադրված մեղադրանքում ներկայացված հանգամանքներն են տեղի ունեցել։ Այս առումով հետաքրքրական է, որ անձանց առաջադրվել է մեղադրանք, որի բովանդակությունից առհասարակ հասկանալի չէ, թե ի վերջո ի՞նչ հանցանքի կամ ապօրինության մասին է խոսքը գնում:
Իսկ նախօրեին, արդեն, Հատուկ քննչական ծառայության կողմից հարցաքննության է հրավիրվել Ա.Գևորգյանի կնոջ մայրը՝ Կարմեն Սահակյանը։
Ցավով ենք ստիպված արձանագրել նաև, որ Հայաստանի պետական մարմիններն իրենց իրական պարտականությունները մոռացած, լծված են մեկ քաղաքական ուժի կողմից տրված հանձնարարությունները կուրորեն կատարելուն, որի արդյունքում նաև երկրում փաստացի ձևավորվել է բարձիթողի վիճակ։ Սակայն այնուամենայնիվ պետք է հիշել, որ կան նաև բարոյական սահմաններ, որոնք խախտել երբեք չի կարելի», - ասված է փաստաբանների տարածած հայտարարությունում։