Հիմա շատ արագ դեէսկալացիայի հնարավորություն ունենք, խոսելով հայ-ադրբեջանական սահմանից՝ իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երեկվա հայտարարությունը։

«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը, սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ, որ միաժամանակ սկսենք զորքերի հետքաշումը, խոսքը, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, որտեղ ունենք որոշակի լարվածություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ պատրաստ են նաև համանախագահության շրջանակում լիարժեք վերականգնել բանակցային գործընթացը՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով։

Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկ էր արել միջազգային հանրությանն ու Ադրբեջանի կառավարությանը։

«Առաջարկը հետևյալն է, մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանան սահմանից», - ասել էր նա։

Փաշինյանը նշել էր, թե դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ։



Նյութը՝ Aysor.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն