«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր անդամները և կուսակցական ակտիվը մայիսի 28-ին այցելել են Սարդարապատի հուշահամալիր։ Այցը հուշահամալիր երկու առանցքային խորհուրդ ուներ։

«Նախ հիշեցինք և հարգանքի տուրք մատուցեցինք մեր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով հիմնադրեցին Առաջին Հանրապետությունը: Ապա, նաև գնահատելով ստեղծված իրավիճակը, արձանագրեցինք, որ այսօր Հայաստանը կրկին կանգնած է նոր Սարդարապատի առջև և մեր միակ փրկությունը համազգային զարթոնքն է։

1918 թ.-ին մեր հայրերի կատարած սխրանքի արդյունքն է ներկայիս Հայաստանը։ Թուրքը ցեղասպանությունից 3 տարի անց համախմբել էր իր ուժերը և արշավել էր Արևելյան Հայաստան, որպեսզի բնաջնջի Հայ ազգն ի սպառ։ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում հայ ազգը վաստակում է սեփական գոյության իրավունքը։
900 տարի այս տարածքում Հայաստանը չէր ունեցել պետականություն: 900 տարի անց պետականության վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի ամրապնդման սկիզբ դրեց: Գուցե և այլ հնագույն ազգերի պես կվերանար հայությունը, սակայն մայիսի 28-ն իսկապես փոխեց մեր բոլորի ճակատագիրը` տալով հնարավորություն մեծանալ սեփական երկրում, կերտել սեփական պետություն»,-ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ։

Հավերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը։
 «Այսօր հայ ազգը կանգնած է նոր Սարդարապատի առջև և ինչպես 103 տարի առաջ հնչեցին Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը, մարդկանց արթնացնելու համար, այսօր էլ հասունանում է ժամը զանգերը հնչեցնելու։ Մեր գերեվարված եղբայրների և կորցրած հայրենիքի ցավով հասկանում ենք, որ դեռ չի ավարտվել պատերազմը։ Դա է պատճառը, որ այսօր մեր մեծ պաստառի վրա գրված է միայն մեկ բան «Զանգեր Ղողանջեք»։ Սա արթնության, զարթոնքի և համախմբման կոչ է նաև։ Կոչ, որ պատրաստ լինենք նոր Սարդարապատի», - ասել է կուսակցության ԳՄ պատասխանատու Արա Զոհրաբյանը։

 «Թուրքը չի փոխվել, թուրքը այսօր էլ նույնն է՝ ցեղասպանությունից հարյուրվեց տարի անց: Թուրքը փորձում է իր ավանդական, հիմնական դաշնակիցների ՝ Իսրայելի, Պակիստանի, Մեծ Բրիտանյիաի հետ վերջնավարտին հասցնել դեռևս հարյուր տարի առաջ նպատակադրած հայոց ցեղասպանությունը՝ օգնելով Ադրբեջանին: Մենք իրավունք չունենք կրկնելու հարյուր տարի առաջվա սխալը, մենք իրավունք չունենք մնալ քնած՝ երբ մեր եղբորն են սպանում, երբ մեր քրոջն են սպանում, երբ մեր զինվորին են գերեվարում: Մենք պետք է արդնանանք, համախմբվենք և հաղթենք», - նշել է կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանը:

 «Արթնանալու ժամն է, այսօր պետք է նորից ահազանգ հնչեցնել, պետք է այսօր հնչեն բոլոր կոչնակները, բոլոր զանգերը, հայ մարդը պետք է այսօր արթնանա թմբիրից, պետք է հասկանա, որ եթե չարթնանա, եթե հայրենիքի սերը չարթնանա իր սրտում՝ մենք բոլորս մեր ազգը, մեր նախնիների ժառանգած հայրենիքը մեծ վտանգի տակ կհայտնվի: Զարթոնք կուսակցությունը հենց ահա այս առաքելությամբ է մտնում հասարակության մեջ։

Արթնացեք՝ վտանգված է մեր հայրենիքը, մենք պետք է նորից հավաքենք մեր ուժերը, մեր կյանքը ի փրկություն հայրենիքի», - հայտարարել է  կուսակցության ԳՄ անդամ Կարինե Նալչաջյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն