Շաբաթ օրը Հալեպն առաջին ինքնաթիռը կընդունի Երեւանից
Սեպտեմբերի 4-ին 2011 թվականից ի վեր առաջին անգամ Հալեպի օդանավակայանը կընդունի առաջին չվերթը Երեւանից։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի տրանսպորտային գերատեսչությունը։
«Հալեպի օդանավակայանը շաբաթ օրը կընդունի Սիրիական ավիաուղիների առաջին միջազգային ինքնաթիռը, որը կժամանի Երեւանից։ Դա կնշանավորի երկու պետությունների միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը»,-ասված է Սիրիայի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:
Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Բասեմ Մանսուրի խոսքով՝ երկրների միջեւ ավիահաղորդակցությունն ընդհատվել է 2011 թվականին՝ Սիրիայում պատերազմ սկսվելուց հետո։
Մինչ պատերազմը Հայկական ավիաուղիները երկու չվերթ էին կատարում, Սիրիական ավիաուղիները նույնպես շաբաթը երկու անգամ թռչում էին Երեւան»,-ասել է նա ՌԻԱ Նովոստիին։
Մանսուրի խոսքով` ստորագրված պայմանավորվածությունների համաձայն, կվերականգնվեն Դամասկոսից եւ Հալեպից դեպի Երեւան Սիրիական ավիաուղիների եւ «Աջնիհաթ աշ-Շամ» մասնավոր ավիաընկերության չվերթները, մոտ ապագայում չվերթները կվերսկսեն նաեւ հայկական ավիաուղիները: