Մոսկվան վերահաստատեց իր հակահայ ծրագիրը
Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից եւ Լավրով-Արարատ Միրզոյան հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ամփոփեց» արդյունքները, ավելի ճիշտ՝ առավել մատչելի լեզվով վերահաստատեց Մոսկվայի հակահայ ծրագիրը։ Նրա ճեպազրուցից առանձնացնենք երկու առանցքային պահերը
Ռուսաստան-Մինսկի խումբ
Հայկական զլմ-ներն այս հատվածը ներկայացրել են «Մոսկվան աջակցում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը» վերնագրով, ինչը թյուր տպավորություն է ստեղծում։ Մոսկվայի դիրքորոշումը ներկայացված է հստակ․ «Տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք դիտարկման պայմաններում մենք կարծում ենք, որ համանախագահները կարող են նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծմանը: Դա կծառայեր արդեն քաղաքական խնդիրների քննարկմանը անցնելուն․․․», նշել է նա: Այսինքն, Մոսկվան համանախագահների դերը տեսնում է հումանիտար հարցերում եւ դեմ է քաղաքական կարգավորմանը ՄԽ շրջանակում, ավելի ճիշտ՝ ջանքեր է գործադրում նոյեմբերի 9-ի «եռակողմ» փաթեթը կամ Լավրովի իրականացված պլանը խմբի շրջանակում լեգիտիմացնել որպես կարգավորում, որը բացառում է հայկական իրավունքները։ Մոսկովյան տեքստերում «քաղաքական կարգավորում» ձեւակերպումը վերաբերում է հենց դրան։ Հայաստանի դեմ ահագնացող ճնշումները նպատակ ունեն անշրջելի դարձնել «տարածաշրջանային նոր իրողությունները»։
Ռուսաստան – հայ-թուրքական հարաբերություններ
Փաշինյան-Էրդողան «դրական ազդակների» փոխանակման կապակցությամբ Մարիա Զախարովան ասել է․ «Մենք նպաստել ենք 2009 թվականին Ցյուրիխում այսպես կոչված ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը, դրանք ենթադրում են Անկարայի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների փուլային կարգավորում։ Ռուսաստանը պարզապես միջնորդի դեր չի ունեցել, այլ առանցքային դեր է ունեցել։ Ցավոք, նախաձեռնությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ միջնորդությամբ, կողմերը չեն իրականացրել։ Դա յուրաքանչյուր պետություն կամքն է։ Մենք պատաստ ենք աջակցել երկու հարեւան պետությունների մերձեցմանը։ Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եւ 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների համատեքստում, դա դրական կազդեր տարածաշրջանում խաղաղության, կայունություն եւ բարգավաճման համար»։
Հիշվում է ՌԴ իսկապես «առանցքային դերը» այդ շրջանում։ Հայաստանի քաղաքական, ակադեմիական, մեդիա-փորձագիտական հանրույթի ռուսանպաստ մասը քարոզչական ահռելի աղմուկ բարձրացրեց արձանագրությունների կապակցությամբ, հետ չէր մնում նաեւ Բաքվի մամուլը։ Մոսկվան ու Բաքուն վտանգ էին տեսնում հայ-թուրքական կարգավորման գործընթացից հասկանալի պատճառներով (մի կողմ թողնենք արդարացի մտահոգությունները՝ խոսքը այլ բանի մասին է)։
Մոսկվան Արցախի եւ հայ-թուրքական խնդիրների «կարգավորումը» տեղավորում է նոյեմբերի 9-ի փաթեթում։ Խնդիրն այն է, որ Արցախի խնդիրը Մինսկի խմբում եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը Երեւան-Անկարա ուղիղ ռեժիմում կարգավորելու պարագայում Ռուսաստանը մեծ կորուստներով դուրս է մղվելու Կովկասից։ Հայաստանի դեմ Ռուսաստանի 2020-ի արշավը եւ հետպատերազմյա «կարգավորումն» ուղղված են Հայաստանի մասնատմանն ու ինքնիշխանության վերացմանը՝ Կովկասից անխուսափելի նահանջը հնարավորինս սահուն իրականացնելու համար։
Եռակողմ փաթեթն ու դրա հիմքով կազմված ՔՊ/Հայաստան/ՊՈԻ կոալիցիան պետք է մերժվեն։ Հայկական դիմադրությունը առաջին քայլերն է անում, որին կանդրադառնանք առաջիկայում։