Լրագրությու՞ն, թե՞ «Պանիկովսկի շոու» (կամ՝ վիրտուալ «дай миллион»-ից մինչև «պապդ թուրք է՞» ցինիզմ). Փիրուզա Մելիքսեթյան
(կամ՝ վիրտուալ «дай миллион»-ից մինչև «պապդ թուրք է՞» ցինիզմ)
Անշուշտ՝ ստեղծել այնպիսի կերպարներ, որոնք «փախչում» են գրքի էջերից և դառնում հավերժական տիպաժներ։
Այս համատեքստում Իլյա Իլֆն ու Եվգենի Պետրովը ոչ թե պարզապես երգիծական կերպարներ են կերտել, այլ բառ առ բառ ուրվագծել են մարդկային ստորության և դատարկության անատոմիան։
Անցել է գրեթե մեկ դար, փոխվել են տեխնոլոգիաները, փոխվել է քաղաքական քարտեզը, բայց «պանիկովսկիզմը» մնացել է նույնը՝ անփոփոխ ու կենսունակ։
Եթե Միխայիլ Սամուելևիչը սագ էր գողանում և միլիոն մուրում փոշոտ ճանապարհներին, ապա «նորհայաստանյան» նրա «ռեինկարնացիաները»՝ հիմնականում միկրոֆոնակիր
«․․․ուհիների» տեսքով, թիրախավորում են հանրային դեմքերին, պնդաճակատորեն փորձում են իրենց վիրտուալ «միլիոնը» պոկել մեդիահարթակներում՝ աճուրդի հանելով լրագրողի կոչումն ու մարդկային տարրական էթիկան։
Միկրոֆոնակիր պանիկովսկիները, սակայն, չեն էլ գիտակցում, որ իրենք «Ոսկե հորթի» հերոսների ժամանակակից ծաղրանկարային պատճեններն են՝ նույնքան զավեշտալի, նույնքան կանխատեսելի և նույնքան դատապարտված։
Պատմությունը ցույց է տվել, որ պանիկովսկիները միշտ էլ մնում են ճանապարհի եզրին՝ լքված ու անպետք, երբ վերջնականապես խախտվում են բոլոր «կոնվենցիաները»։
Թերևս, արդեն հասկանալի է, թե վերջերս ինչու եմ հաճախ մտաբերում «կոնվենցիաներ» խախտող, կույր ձևացող և սեփական շահի համար ցանկացած ստորության պատրաստ Միխայիլ Սամուելևիչին։
Երբ տեսնում եմ ներկա մեդիադաշտը ներկայացնող իգական սեռի պանիկովսկիներին, որոնք վազում են հերթական հանրաճանաչ դեմքի հետևից և կակադուի համառությամբ կրկնում նույն հարցը, հայացքիս առջև հառնում է «Ոսկե հորթի» այն դրվագը, երբ հայտնի սագագողը հետապնդում է ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոյին ու միալար կրկնում.
- Дай миллион, дай миллион, дай миллион!
Պանիկովսկին չուներ Օստապ Բենդերի մտքի թռիչքը, երևակայությունն ու խելքը. նա տիրապետում էր միայն «զոհին» կպչելու և հոգին հանելու պարզունակ արհեստին։ Մերօրյա պանիկովսկի-«լրագրողուհիները» որպես կանոն, չունեն բովանդակային հարցեր ու փաստարկներ. ունեն ընդամենը մեկ «ծամծմված» նախադասություն, որը կրկնում են՝ հույս ունենալով հունից հանել դիմացինին։
Երբ Պանիկովսկին կաղալով վազում էր Կորեյկոյի հետևից, ծիծաղելի էր ու անհեթեթ։
Բայց երբ այսօրվա «լրագրողն» է վազում՝ միկրոֆոնը պարզած ու նույն հարցը քսան անգամ կրկնելով, նույն աբսուրդի թատրոնն է։ Տարբերությունն այն է, որ Իլֆն ու Պետրովը նման դրվագները մատուցում էին որպես երգիծանք, իսկ մենք «ա լյա Պանիկովսկի» այս պատկերները տեսնում ենք որպես լրահոսի «գլխավոր նորություն»։
Սրանց «հարցերը» վինիլային մաշված ձայնապնակ են, որոնք անընդհատ «ցատկռտում են» նույն տեղում։ Չկա բովանդակություն, առկա է միայն ձայնային աղմուկ։
Ինչու՞ է այդպես։
Որովհետև մեր իրականության բենդերները՝ «խելացի» մանիպուլյատորները, կուլիսներում են, իսկ «մեդիաբեմում» վազվզում են անհասկացող պանիկովսկիներն ու բալագանովները, որոնց միակ զենքը պնդաճակատությունն է։
Պանիկովսկին բնույթով միայնակ չէր. նա ուներ սեփական «արտոնագրված» տարածք, որտեղ գողանում էր սագերին։
ՈՒներ նաև կույր ձևանալու ու մարդկանց գրպանները դատարկելու ինքնատիպ սահմանափակ «զինանոց»։
Ժամանակակից «միկրոֆոնակիրները» նույնպես ունեն իրենց «արտոնագրված» թեմաներն ու թիրախները։ Նրանց համար լրագրությունը ոչ թե հանրային շահի սպասարկում է, այլ յուրօրինակ «տեղեկատվական սագագողություն»։ Նրանք փորձում են դիմացինից «թռցնել» կիսատ-պռատ որևէ նախադասություն, ջղային մի շարժում կամ հավասարակշռությունից դուրս եկած պատասխան՝ հետո «մեծագույն բացահայտում» բրենդի տակ սնապարծությամբ վաճառելու ակնկալիքով։
Սակայն առկա է էական մի տարբերություն. Պանիկովսկին գիտեր, որ ինքը խաբեբա է, և վախենում էր բացահայտվելուց։
Նրա մերօրյա էժան կրկնօրինակները, ընդհակառակը, իրենց լկտիությունը մատուցում են որպես «մասնագիտական պրոֆեսիոնալիզմ և խիզախություն»։ Նրանք անկեղծորեն հավատացած են, որ եթե հաջողվել է տասնհինգերորդ անգամ նույն տափակ հարցով կտրել մարդու ճանապարհը կամ միկրոֆոնը խցկել մեքենայի պատուհանից ներս, ապա իրենք «քանդում են համակարգը»։
Իրականում նրանք ընդամենը փոշիացնում են լրագրողի կերպարը՝ այն իջեցնելով փողոցային սկանդալիստի մակարդակին։
Մեկ անգամ ևս պատկերացնենք՝ աբսուրդի այս թատրոնի ամենատպավորիչ դրվագը՝ մարդը քայլում է, իսկ նրա հետևից, Պանիկովսկու կաղալով վազքի ու կակադուի ինտելեկտի համադրությամբ, վազում է մի «միկրոֆոնակիր» ու միալար կրկնում.
«Ճիշտ է՞, որ Ձեր պապը թուրք է» կամ՝ «Գիտե՞ք, որ Դուք մարդասպան եք»։
Մասնագիտական հզո՜ր «թռիչք»։
Ինչպիսի՜ «պատմական» բացահայտումների ծարավ։
Այս պատկերը նույնիսկ «Дай миллион»-ը չէ, ավելի շուտ նման է այն պահին, երբ Պանիկովսկին փորձում էր համոզել, թե ինքը «պատվավոր կույր» է, բայց ընդամենը հերթական հարվածն էր ստանում վզակոթին։
Երբ լրագրողի ողջ զինանոցը սահմանափակվում է «պապի ազգությունը» ճշտելու «գենետիկական հետազոտությամբ», նշանակում է նրա ուղեղում բովանդակային հարցերի համար այլևս տեղ չկա, այնտեղ միայն տիրոջ տված «քսիֆն» է ու Պանիկովսկու ստամոքսի դատարկությունը։
Իրեն հանրապետության թիվ մեկ լրագրող համարող այս տեսակը նույնիսկ չի՛ էլ սպասում պատասխանի։
Նմաններին պետք չէ ճշմարտությունը, նրանց պետք է այդ վայրկյանի աղմուկը, որովհետև եթե հանկարծ դադարեն թութակ աշխատելուց, մարդիկ կնկատեն իրենց սարսափելի սնանկությունը։
Այս տեսակը նման է այն ձայնագրիչներին, որոնց հիշողության մեջ մեկ նախադասություն են տեղադրել ու բաց թողել փողոց՝ «ֆաս» հրամանով։
Բայց այս նույն «գենետիկ»-լրագրողները, երբ հերթը հասնում է իրենց «ստնտուին», հանկարծ դառնում են ազգային միասնության ու բարեկրթության պաշտպաններ։ Տիրոջ ավտոշարասյան տակ զոհված հղի կնոջ մասին հարցնելիս նրանց ձայնը կորչում է, միկրոֆոնը՝ խոնարհվում, իսկ «պանիկովսկիական» կուրությունը հասնում է առավելագույն պիկին։
Սա է մերօրյա մեդիա-բալագանը. մի կողմից՝ «պապդ թուրք է» մակարդակի փողոցային լկտիություն, մյուս կողմից՝ իշխանական կերակրամանի առջև «հեզաճկուն» լռություն։ Իլֆն ու Պետրովն ամենավառ երևակայության մեջ անգամ չէին պատկերացնի, թե իրենց կերտած սագագողը մի օր կդառնա «լրագրողի» էտալոն, իսկ «Дай миллион»-ին կփոխարինի «պապդ թու՞րք է» ցինիզմը։
Այնուամենայնիվ, ո՞րն է ներկայացվածի ամենաողբերգական կողմը։
Թերևս այն, որ այս «լրագրողական բալագանովները» չեն էլ գիտակցում իրենց գործիք լինելը։ Նրանք վազում են, քրտնում են, հայհոյանքներ են «ուտում», իսկ իրական «միլիոնները»՝ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական, լցվում են կուլիսային բենդերների գրպանները։
Վերջիններս նաև այդ «․․․ուհիների» պնդաճակատության ու անդաստիարակության վրա են կառուցում իրենց վարկանիշային բուրգերը։
Եվ քանի դեռ հասարակությունը «ա լյա Պանիկովսկի» այս վազվզոցն ընկալում է որպես լրագրություն, մենք դատապարտված ենք լսելու նույն մաշված ձայնապնակի ճռռոցը.
«Ընդունու՞մ եք, որ Դուք մարդասպան եք»։
Կամ՝
«Ճիշտ ե՞ն ասում, որ Ձեր պապը թուրք է»։
Հարցեր, որոնք պատասխան չեն ակնկալում, որովհետև ընդամենը աղմուկ են՝ բովանդակային դատարկությունը քողարկելու շղարշով։
Այս լրագրողուհի-պանիկովսկիները զարմանալի մի առանձնահատկություն ունեն. օժտված են բացառիկ «տեսողությամբ»։ Նրանց աչքերը, կատվի նման, տեսնում են միայն մեկ ուղղությամբ և միայն մեկ գույն։
Եթե Պանիկովսկին կույր էր ձևանում՝ մի քանի կոպեկ կորզելու համար, ապա սրանք կույր են ձևանում, որ հանկարծ չտեսնեն սեփական «ստնտուի» պատճառով Եռաբլուրում ամփոփված կյանքերը կամ դատարանի դահլիճում մարող շունչը։
Եթե Պանիկովսկին սագ էր գողանում, որ փորը կշտացնի, ապա այս «լրագրողական ինստիտուտի» ներկայացուցիչները գողանում են հանրության սթափությունը՝ այն փոխարինելով էժան շոուով։
Պատկերացնու՞մ եք՝ «մասնագիտական» ինչպիսի՜ «թռիչք»՝ Պանիկովսկու կաղալով վազքից հասնել մինչև տիրոջ ոտքերի տակ վազվզող կակադուի կարգավիճակի։ Նրանք նույնիսկ չեն էլ վիրավորվում, երբ իրենց ասում են՝ «վաղը գործազուրկ ես դառնալու»։
Ինչու՞ վիրավորվեն։
Չէ՞ որ Պանիկովսկին միշտ էլ գիտեր՝ իր արհեստը ժամանակավոր է, իսկ «ֆայլաբազարը» նրա հոգու հարազատ տարերքն է։
Տարբերությունն այն է, որ ֆայլաբազարում գոնե ազնիվ քրտինք կա, իսկ այս «միկրոֆոնակիրների» դաշտում՝ միայն անլվա բամբասանք ու քաղաքական լկտիություն։
Սրանց համար աշխարհը բաժանված է երկու մասի՝ «թիրախների», որոնց պետք է հոշոտել անգամ լռության համար, և «կերակրողների», որոնց առջև պետք է ծնկի գալ՝ միկրոֆոնը որպես սկուտեղ մատուցելով։
Չլինենք անարդար և հանուն ճշմարտության խոստովանենք․ մերօրյա «պանիկովսկիներն» ընդամենը կատարողներ են, որոնց մտավոր հորիզոնը սահմանափակվում է «պապի ազգությունը» ճշտելով։
Բայց վարագույրից անդին կանգնած են «մեծ կոմբինատորները»՝ մերօրյա բենդերները, որոնք, ի տարբերություն Օստապ Իբրահիմովիչի, չունեն ո՛չ նրբագեղություն, ո՛չ «ստեղծագործ» ուղեղի թռիչք, ո՛չ էլ ազնիվ խաբեբայի հմայք։
Սրանք այն «ստրատեգներն» են, ովքեր հասկացել են ժամանակի «ճշմարիտ» շունչը. եթե ուզում ես լռեցնել իրական խնդիրը, դաշտ բաց թող մի քանի անմեղսունակների։
Քանի դեռ հասարակությունը քննարկում է «լրագրողի» համարձակությունն ու նրա հնչեցրած զավեշտալի հարցը, իրական «միլիոնները»՝ լինեն դրանք հանձնված Արցախ, Հայաստանի սուվերեն տարածքներ, թե միլիարդավոր պարգևավճարներ հանգիստ լողում են դեպի պատվիրատու «կոմբինատորների» գրպանները։
Հիանալի «թավշյա» սիմբիոզ է, այնպես չէ՞. «Բենդերը» տալիս է միկրոֆոնն ու «ֆաս» հրամանը, իսկ «Պանիկովսկին»՝ իր պնդաճակատությունն ու պատիվը, եթե իհարկե երբևէ ունեցել է։
Եվ ամեն անգամ, երբ բեմի վրա այս կակադուները ցուցադրում են իրենց անդաստիարակության հերթական սեանսը, կուլիսներում բենդերները ծափահարում են։
Նրանք լավ գիտեն՝ քանի դեռ հանրությունը մեդիադաշտում հանդուրժում է «Ոսկե հորթի» ամենաողորմելի դրվագների կրկնությունն իրենք անձեռնմխելի են։
Ակամա հանդիսատեսները, ստիպված են կրկին ու վերսին դիտելու ներկայացվող բալագանը, որտեղ լրագրությունը մահացավ հենց այն պահին, երբ առաջին «միկրոֆոնակիրը» որոշեց, որ վազելն ավելի կարևոր է, քան մտածելը, իսկ տիրոջ կոշիկները փայլեցնելն ավելի շահավետ է, քան ճշմարտության հետևից գնալը։
Նմանները, սակայն, աչքաթող են արել «իրական» Հայաստանը գործողության վայր դարձրած վեպի վերջաբանը։
Պանիկովսկին մահացավ դաշտում՝ միայնակ ու լքված։
Մերօրյա պանիկովսկիներին նույն վախճանն է սպասվում. երբ «կոնվենցիաները» վերջնականապես խախտվեն, ու բենդերները հասնեն իրենց «Ռիո դե Ժանեյրոներին», այս «լրագրողուհիները» կմնան նույն փոշոտ ճանապարհին՝ ձեռքներին մի մաշված միկրոֆոն, որն այլևս ոչ ոքի պետք չէ, և բարոյալքված մի հարց, որի պատասխանը նույնիսկ իրենք չհասցրին լսել։








































