Կրակոցներ Երևանում. փողոցում հայտնաբերվել է 45-ամյա տղամարդու՝ հրազենային վնասվածքներով դին. կասկածյալը սպանվածի քրոջ որդին է
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 12 փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի դիմաց տղամարդու դի կա։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից: Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 45-ամյա Սամվել Վարդանյանի դին՝ հրազենային 2 վնասվածքով: Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ ենթադրյալ կասկածյալ՝ 26-ամյա Աշոտ Մկրտչյանը իր մոտ եղած «Վալտեր» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Ս. Վարդանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը, քննիչի որոշմամբ էլ ենթադրյալ կասկածյալ Ա. Մկրտչյանը ձերբակալվել է։ Աղբյուրի տեղեկություններով, սպանվածը կասկածյալ Ա. Մկրտչյանի քեռին էր: