Ադրբեջանցի սահմանապահների մի մասը Սյունիքի ճանապարհներին զգեստափոխված զինվորականներ են. ՀՀ օմբուդսմեն
Տեղեկություններ ունենք, որ ադրբեջանցի սահմանապահների մի մասը Սյունիքի ճանապարհներին իրականում զգեստափոխված զինվորականներ են։ Այս մասին ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ գերիների հանդեպ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի մասին Հայաստանի ՄԻՊ զեկույցին նվիրված մամուլի ասուլիսում։
Խոսելով ադրբեջանցի սահմանապահների կողմից պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների մասին՝ Թաթոյանը առաջին հերթին նշեց հոկտեմբերի 20-ին հայ զինվորականների խմբի վրա հարձակումը, ովքեր Կապանից գնում էին Կովսական։ 61 մարդկանց մի մասն սպանվել է, մյուսները՝ գերեվարվել։ Փաստերը վկայում են դաժանությունների եւ դիերի մարմիններն անարգելու մասին։ Օմբուդսմենը ցուցադրեց լուսանկար, որտեղ ադրբեջանցի զինվորականները կտրում են զոհված հայերի ականջները։ «Ադրբեջանցի սահմանապահները զոհվածներին կամ ողջերին կապում էին մեքենաներին ու քարշ տալիս»,- ասել է մարդու իրավունքների պաշտպանը։ Ադրբեջանցի սահմանապահների համազգեստը, զենքը, մեքենաները եւ անգամ ոմանց դեմքերը նույնականացվել են։
«Այդ նույն սահմանապահները կանգնած են Սյունիքի եւ հարեւանությամբ գտնվող գյուղերի ճանապարհներին։ Նրանք են փակել միջպետական ճանապարհը»,- նշել է Թաթոյանը. «Այս ամենը հակահայկական քաղաքականության հետեւանքն է։ Դրա համար մենք ասում ենք, որ նրանց ներկայությունը ճանապարհին եւ գյուղերի մոտ կյանքի եւ ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտում է։ Պետք է ներդրվեն պատասխանատվության մեխանիզմներ զանգվածային հանցագործությունների համար։ Քանի դեռ հանցագործություններ կատարածները պատասխանատվության չեն ենթարկվել, մեծ է դրանց կրկնվելու սպառնալիքը։ Իրավիճակի հետազոտությունը ցույց է տալիս, որ խախտումներն ավելի հաճախակի են դարձել. գյուղերի գնդակոծություն, սպառնալիքներ գյուղացիներին, դիտավորյալ հրդեհներ, որպեսզի խնդիրներ ստեղծվեն սնվելու հետ կապված, ճանապարհների շրջափակում»։