Գարեգին Բ կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։
Ողջունելով դեսպանին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ վերջինիս արդյունավետ պաշտոնավարման ընթացքում առավել ընդգծվեց հայ-ֆրանսիական բարեկամական կապերի բնույթը։
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս դեսպան Ջոնաթան Լաքոտի՝ իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին համավարակի ընթացքում, ինչպես նաև պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:
Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև հույս հայտնեց, որ Ֆրանսիան՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, իր նպաստը կբերի Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի կարգավորման գործում։ Իր հերթին դեսպան Ջոնաթան Լաքոտն երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ իր առաքելությունն է Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանումն ու շարունակական ընթացքի ապահովումը:
Զրույցի ընթացքում դեսպանն արձանագրեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջացրել է բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս չեն արժանացել միջազգային հանրության պատշաճ ուշադրությանն ու գնահատանքին: Այս առնչությամբ դեսպան Ջոնաթան Լաքոտը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ Ֆրանսիան շարունակելու է ջանքեր գործադրել խնդրի արդար և խաղաղ կարգավորման համար: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: