Սեպտեմբերի 8-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր խորհրդի նստաշրջանի ընթացքում ընդունվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանի ծրագրային փաստաթուղթը՝ 2021-2025թթ. համար, որով նախատեսվող գործողությունների ֆինանսավորման ծավալը կազմում է շուրջ 15 մլն. ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

Գործադիր խորհրդի հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ Մանկական հիմնադրամի միջև երկարաժամկետ համագործակցությանն՝ ուղղված երեխաների պաշտպանությանը և նրանց իրավունքների առաջ մղմանը։ Ծրագրային փաստաթուղթը բխում է 2021-2025թթ․ համար Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակով սահմանված առաջնահերթություններից՝ մասնավորապես կենտրոնանալով երեխաների սոցիալական պաշտպանության, որակյալ կրթության, համապարփակ և հասանելի առողջապահության ապահովման ու երեխաների իրավունքների վրա։

Փաստաթղթով կարևորվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած, այդ թվում՝ տեղահանված երեխաների կարիքները ու նախանշվում են միջոցառումներ նրանց սոցիալական պաշտպանության, վերականգնման և հումանիտար կարիքներին արձագանքի ուղղությամբ։

Առցանց հանդիպմանը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ Հայաստանի համագործակցության առաջնայնությունների վերաբերյալ ելույթով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն