ՀՀԿ-ն կմասնակցի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին. առաջիկա օրերին պարզ կդառնան կուսակցության թեկնածուները

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը՝ նշելով, որ մասնակցությանն առնչվող մնացած հարցերը ներկա պահին քննարկման փուլում են, առաջիկա օրերին կհստակեցվեն մանրամասները:

«Այս տարի ՏԻՄ ընտրություններ են նախատեսված հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին: Երբ ամբողջական պատկերը կլինի՝ կապված կառավարության եւ ԿԸՀ որոշումների հետ, մենք էլ կորոշենք՝ ինչպես ենք մասնակցելու»,- նշեց Թադեւոսյանը:

Հարցին, թե ինչ ձեւաչափով է պատրաստվում մասնակցել ՀՀԿ-ն ընտրություններին՝ միայնա՞կ, թե՞ դաշինքի կազմում, Թադեւոսյանը ոչինչ չբացառեց:

«Հնարավոր է, ընտրական օրենսգիրքը նման հնարավորություն էլ է ընձեռում, կքննարկենք, կորոշենք մասնակցության ձեւաչափը: Գնահատում ենք առկա իրավիճակը, եւ, բնականաբար, իրատեսական ենք նայում թե՛ իրավիճակին, թե՛ մեր եւ թե՛ մրցակիցների շանսերին, այդ ամենը, իհարկե, վերլուծվում է»,- նկատեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են կայանալու Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթեւ համայնքներում, Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, Տավուշի մարզում՝ Դիլիջանում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նշված բոլոր համայնքներում էլ թեկնածուներ է առաջադրելու, որոնց անուններն օրեր առաջ հրապարակվել էր ՔՊ վարչության նիստից հետո:

Գորիսի քաղաքապետ, այժմ կալանավորված Առուշ Առուշանյանը մասնակցելու է Գորիս համայնքում կայանալիք ՏԻՄընտրություններին «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների կազմած դաշինքով, որը կրելու է «Առուշ Առուշանյան» անվանումը: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից օրերս NEWS.am-ին հայտնել էին, որ Առուշանյանի կալանավորված լինելը չի խանգարին նրան հաղթանակ տանելու հարցում, քանի որ նա զգալի վարկանիշ ու հեղինակություն ունի Գորիսում:

Կուսակցությունը նախատեսում է թեկնածություններ առաջադրել Սյունիքի բոլոր այն համայնքներում, որտեղ նախատեսված են ՏԻՄ ընտրություններ:

Նույն օրը ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաեւ Արագածոտնի մարզի Շամիրամ, Արմավիրի մարզի Ֆերիկ եւ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն