Գեղամասար խոշորացված համայնքն առաջիկայում կմիանա Վարդենիսին, և կանցկացվեն համայնքապետի արտահերթ ընտրություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։

«Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո իմ նկատմամբ լարվածություն առաջացավ, որովհետև մեր համայնքն ընդդիմադիր համայնք է համարվում, ես էլ ընտրությունների ժամանակ եղել եմ «Հայաստան» դաշինքի շտաբի պետը։ Իշխանությունն այսպես է վարվում, որ հեշտությամբ հաղթի Վարդենիսում և ազատվի ինձինց, որովհետև ինձ համարում են իրենց մրցակից և խանգարող»,- նշեց նա։

Գեղամասար խոշորացված համայնքը ձևավորվել է 2017 թվականին։ Համայնքի կազմում մտնում է 18 գյուղ։ Գեղամ Ավետյանի կարծիքով՝ եթե համայնքը միանա Վարդենիս համայնքին, ոչ մի դրական արդյունք չի լինի։

«Գեղամասար համայնքի գյուղերն իրար համաչափ են։ Միավորման ծրագիրն այնպես էր, որ առանձացվել էին գյուղերի ամենակարևոր խնդիրները և պահվում էին ուշադրության կենտրոնում։ Հիմա եթե միանա Վարդենիսի համայքին, որն ունի շատ մեծ գյուղեր, այդ համաչափությունը չի պահպանվի, և Գեղամասարի փոքր գյուղերն ուղղակի կանտեսվեն։ Խոշորացումից մեկ տարի անց արդեն հետևանքները կերևան։ Ես չեմ հասկանում՝ ինչպես են իրենք կարողանում առաջնահերթ դասել անձնական խնդիրները համայնքի խնդիրներից»,- ընդգծեց Հակոբ Ավետյանը։

Վարդենիս համայնքում ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 5-ին։ Ավետյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել՝ կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ, սակայն մինչև հիմա էլ աջակցում է «Հայաստան» դաշինքին։

«Ես կիսում եմ «Հայաստան» դաշինքը գաղափարները և կողմնակից եմ ծրագրերին»,- հավելեց Ավետյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն