Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելու փաստի առթիվ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում և Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետևանքով է առաջացել նման խնդիր։ Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաև Առողջապահության նախարարությունը, և բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու և թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար», - նշել է Գևորգյանը։
Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։