Վերջին շրջանում լուրեր տարածվեցին, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հանդիպումների ձևաչափին մասնակցող ուժերը մտադիր են դադարեցնել իրենց մասնակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին:

Չի բացառվում, որ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ևս չմասնակցի այդ ձևաչափով հանդիպումներին:  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակելու է մաս կազմել վարչապետին առընթեր արտախորհրդարանական խորհրդատվական մարմնին, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Եթե ես իմանայի, որ ինչպես դուք ասացիք, դա վարչապետին առընթեր  մարմին է, ես նույնիսկ մոտ չէի գա այն դահլիճներին, որտեղ այդ հանդիպումները տեղի են ունենում: Իրականում դա վարչապետին առընթեր մարմին չէ, դա արտախորհրդարանական ուժերի ղեկավարների խորհուրդ է, որին մասնակցում է նաև կառավարության ղեկավարը:

Հոկտեմբերի 2-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Ալյանսի» համագումարը, որտեղ սրա մասին խոսելու եմ, հանդես եմ գալու հայտարարությամբ: Այդտեղ կհայտարարվի մեր բացառապես որպես ընդդիմադիր,  իրական ընդդիմադիր ուժ գործունեության ճանապարհային քարտեզը:

Քանի որ Հայաստանում ընդդիմություն չկա, կա իշխանություն և նախկին իշխանություն, իրար փոխանցելով երկիրը վարի տվողներ, պետք է ձևավորվի լուրջ ընդդիմադիր դաշտ: Ամսի 2-ին մենք սկսում ենք այդ գործունեությունը»:

Նա հավելեց, որ «Ալյանսի» համագումարում լինելու են ընտրություններ, ընտրվելու է կուսակցության նոր ղեկավարությունը:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերի խորհրդի նիստերին մասնակցելուն, Ուրիխանյանն ասաց. «Բնականաբար, այդ արտախորհրդարանական խմբում գտնվելու նպատակահարմարությունը կարող է միայն մեկ չափորոշիչ ունենալ՝  պատրա՞ստ է արդյոք վարչապետը շարունակաբար լսել իմ սուր քննադատությունը, որը հնչել է մինչ օրս այնտեղ՝ ի հեճուկս այն կարծիքների, իբրև թե այդտեղ հավաքված են մարդիկ, որոնք սատարում են կառավարությանը:

Իմ պատկերացմամբ Հայաստանում պետք է տեղի ունենա  իշխանափոխություն: Եթե այդ նիստերի ընթացքում ևս տեղի կունենա միկրո իշխանափոխություն, կամ այդ նիստերը կնպաստեն դրան, ապա այո, կմասնակցեմ նիստերին: Բայց հասկանալի է, որ դա տեղի չի ունենա: Եթե վարչապետը պատրաստ է անընդհատ հանդիպել մի  մարդու հետ, ով ասելու է, որ դուք պետք է հեռանաք, ուրեմն սիրով: Բայց մնացած մանրամասները կներկայացնեմ հոկտեմբերի 2-ին»:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն