Ճամփորդության ծախսը մեծ է Լիտվայի հետ առեվտրից
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել Լիտվա: Մամուլն ամենատարբեր պատասխաններն է փորձում գտնել՝ «ռուսների ինադու»-ից ու «ՆԱՏՕ-ի կուրատոր երկիր ա»-ից մինչեւ «Ով հրավիրել է, այնտեղ էլ գնացել է, որ ճամփորդի, գա»: Ավելի զարմանալի է կամ անհասկանալի, թե ինչու է Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման ժամանակ կարեւորել հայ-լիտվական առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը: Բանն այն է, որ Լիտվայի հետ մենք որեւէ առեւտուր չունենք: Ամենամեծ վերապահումով անգամ Լիտվան չի կարելի Հայաստանի առեւտրային գործընկեր համարել:
Փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով, որի մասին խոսում է վարչապետը, ուղղակի աբսուրդ է, քանի որ Լիտվայի հիմնական առեւտուրը տեղի է ունենում նավահանգիստների միջոցով, ծովային ճանապարհով: Ըստ վիճվարչության տվյալների, Լիտվայից Հայաստան հիմնականում գալիս են ձկնեղեն եւ ձկան պահածոներ: Իսկ մենք տարեկան մի 5-6 հազար շիշ կոնյակ ենք ընդամենը ուղարկել Լիտվա:
Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ, լավագույն դեպքում, չի գերազանցել տարեկան 10 մլն դոլարը, ինչը չնչին թիվ է: Իսկ 2020 թվականին մենք, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Լիտվայի հետ ունեցել ենք 8 մլն 600 հազար դոլարի առեւտրաշրջանառություն, այս տարի դա էլ է կտրուկ կրճատվել․ 10 ամսվա ընթացքում մենք Լիտվայի հետ ընդամենը 3 մլն դոլարի առեւտուր ենք արել, եւ կարող է ստացվել, որ Փաշինյանի ճամփորդության ծախսն ավելի շատ է, քան առեւտուրը Լիտվայի հետ: