«С чего начинается Родина!..»

(կամ աղքատության մաթեմատիկան «չմո» կառավարիչների ֆոնին)

Վերջին օրերին, երբ ուշադիր «թերթում» եմ համացանցային լրահոսը, տպավորությունն այնպիսին է, թե ընտրությունների նախաշեմին հեռակառավարվող ռեժիմով ակտիվացվել են բոլոր հայտնի ՔՊ-ականները։ Հատկապես առանձնանում է թոշակառուների երկարակեցությունից կամա թե ակամա դժգոհող Արսեն Թորոսյանը, որի սոցցանցային գրառումներն ավելի շուտ «ինքնախոստովանական ցուցմունք» են հիշեցնում, քան՝ քաղաքական այրին հարիր խոսք։

Գրեթե նույնն է նրա բոլոր գրառումների ենթատեքստը, որի «բացահայտումից» հետո կարդում ենք․

«Ничего личного! Պարզապես կատարում եմ իջեցված SMS-հրահանգները»։

Կրծքին ամրացված գզգզված քարտեզով սույն «կերպարը», որ ֆեյսբուքյան էջի ավատարից «անմեղ» ժպիտով ցուցադրում է առողջ ատամնաշարը, հանրության հավաքական հիշողության մեջ դաջվել է «մահվան վիճակագրության» և միլիոնավոր պարգևավճարներին առնչվող սկանդալներով։

Իհարկե, նաև քրեական ենթամշակույթում օգտագործվող գողական և թաղային խոսվածքներին հատուկ «չմո» արտահայտությամբ։

Բառի իմաստը ճիշտ ընկալելու նպատակով, այսօր՝ 2026-ի մայիսի 2-ին, թերթեցի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ հրատարակված «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարանը» (Երևան, 2023 թ․)։

Բառահոդվածը հստակեցնում է՝ «չմո» նշանակում է անպատիվ և կամազուրկ մարդ, որին բոլորը կարող են շահագործել: Մարդ, որը չի հետևում իր արտաքինին, աղբ է քջջում, գետնից կոթուկներ է հավաքում․․․ և անպատվաբեր բազում այլ մանրամասներ։

Թեև ուշացումով, այնուամենայնիվ, փորձեցի հասկանալ՝ ի՞նչ աղերսներ ունի ստորացուցիչ այդ բնորոշումը մեր հայրենիքի հետ, երբ ժամանակին սույն պաշտոնյան անթաքույց արհամարհանքով գրում էր․

«Պտի ուրախ լինեք/լինենք, որ մեր նման չմո երկրին դա էլ տվել են»։

Առողջապահության նախկին նախարարն իր այս քամահրական վերաբերմունքը հայոց պետության նկատմամբ դրսևորել էր դեռևս 2018-ին՝ «Գարդասիլ» պատվաստանյութի ներդրման և պատվաստումներին ընդդիմացողների համատեքստում։

Անցել է ուղիղ ութ տարի։

Այժմ արդեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող նույն «գործիչը» կարճ տեսանյութերի հարթակում հանդես է գալիս պետբյուջեն «լցնողի», «գրագիտության» և «ճշգրտության» դասեր տվողի դերում։

Անհրաժեշտ հատվածներ նրա խոսքից․

«Նոր մեծն բարերար Գագիկ Ծառուկյանի հանդիպումն էի նայում քաղաքացիների հետ, որտեղ կենսաթոշակներից էր խոսում մեծն բարերարը, տարրական գիտելիքներ ու գրագիտություն անգամ չունենալով, թե ինչքան են եղել կենսաթոշակները և ինչքան են բարձրացել, ինչ-որ 25 000 դրամներից էր խոսում»։

Նաև․

«Երևի հիշել էր իր կոալիցիոն գործընկերների հետ իշխանության եղած ժամանակները, երբ որ, օրինակ, նվազագույն կենսաթոշակը 15 հազար դրամ էր, այսօրվա 46-ի և դա չհաշված հետվճարներով 56-ի փոխարեն, ինչ-որ ճամարտակություններ էր անում։

Մի մարդ, ով իր գործունեությամբ ենթադրում եմ, լրիվ հակառակ պրոցեսներն է արել պետական բյուջեն

լցնելու, և որից հետո պետք ա կենսաթոշակները բարձրանային, ինչը տեղի ունեցավ 2018-ից

հետո»։

Աչքի անցկացնենք այս հատվածը ևս․

«Ինչ էի ուզում ասեի՝ չգիտեք, գոնե կողքից հարցրեք։ Գրագետ մարդիկ, էդ ձեր 4-ի

վարչապետի թեկնածուները չեն կարու՞մ ասեն, որ 25 չի, օրինակ, 45 ա էղե, հիմա 59 ա դառե,

պլյուս 10 հազար էլ հետվճար։

Թե՞ չկա՝ ոչ անունները կա, ոչ էլ ամաններումը»։

Փաստորեն, Գագիկ Ծառուկյանին քննադատելով կենսաթոշակների թվերի մեջ սխալվելու համար՝ հեգնում է. «չգիտեք, գոնե կողքից հարցրեք»։

Հետաքրքիր է, իսկ ինքը «կողքից հարցրե՞լ» էր կամ բացե՞լ էր արդյոք որևէ բառարան, երբ կառավարման պատասխանատու աթոռին բազմած, հայոց պետությունը կնքում էր «չմո» որակմամբ։

Թվերի մեջ սխալվելը, ի վերջո, կարելի է շտկել, բայց պետական մտածողության բացակայությունը և սեփական հայրենիքի հանդեպ քամահրանքը՝ դժվար թե։

Եվ հետո, «լայվից» «լայվ», գրառումից գրառում անընդհատ խոսել 10-15 հազար դրամի «դարակազմիկ» աճի մասին մի երկրում, որտեղ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են թռիչքաձև առնվազն անբարոյականություն է։

Իսկ թոշակառուին տրվող «հետվճարը» դարձնել իսկական «տժվժիկ» այն դեպքում, երբ յուրաքանչյուր պաշտոնյայի մեկանգամյա պարգևավճարը հավասար է շուրջ 700-800 թոշակառուի ամսական եկամտին, նշանակում է պարզապես թքել մարդկանց արժանապատվության վրա։

Սրանց չի՛ էլ հուզում, որ իրենց մաթեմատիկան ավարտվում է հենց այն պահին, երբ աստղաբաշխական պարգևավճար չունեցող սովորական քաղաքացին բացում է դատարկ սառնարանի դուռը։

Շեշտը դնելով 15, 25 կամ 46 հազար դրամների վրա, իր գրառումներում սույն «կերպարը» միտումնավոր շրջանցում է գնաճի և գնողունակության գործոնը։

Լինենք իրատես․ եթե մինչ 2018-ի արհավիրքը հացը, կաթնամթերքը կամ կոմունալ վճարներն իքս դրամ էին, իսկ այսօր նույն հացը, ձեթը, դեղորայքը մի քանի անգամ թանկ արժեն, ապա թոշակի 10-15 հազար դրամի ավելացումը ոչ թե բարեկեցության աճ է, այլ ձախողված փորձ՝ փրկելու վարչակույտի ցեխին հավասարված վարկանիշը։

Երբ յոթ միլիոն դրամ պարգևավճար գրպանողը խոսում է 56 կամ 59 հազար դրամի մասին, գովազդելով անկանխիկ առևտրի խղճուկ հետվճարը, նրա վարքը հաստատ դուրս է բարոյականության սահմաններից։

Ինչու՞։

Որովհետև բոլոր թոշակառուները չէ, որ ի վիճակի են օգտվելու ներդրված համակարգից՝ հատկապես գյուղական համայնքներում, որտեղ չկան տերմինալներ։

Եվ հետո յոթ կամ տասնչորս միլիոն պարգևավճարի և թոշակառուի խղճուկ 10 հազար դրամ «բարձրացման» միջև առկա է ահռելի բարոյական դիսոնանս։

Իսկ երբ «ճամարտակություն» բառը հնչում է մեկի շուրթերից, ով կորոնավիրուսային խայտառակ սկանդալների կիզակետում էր, պատասխանատվությունից ճողոպրելու և սլաքները սխալ ուղղությամբ շեղելու անհաջող փորձ է։

Նախքան ընդդիմադիրների տարրական գիտելիքները քննադատելը, պետք է հիշել՝ պետական գործչին անհրաժեշտ գրագիտությունը պատասխանատվությունն է սեփական խոսքի հանդեպ։

Աբսուրդի, սև հումորի, սատիրայի, սարկազմի ու գրոտեսկի ժանրերից համակցված տրագիֆարս է, երբ «Պառնասի» բարձունքներից մեծամտությամբ «քննադատում» ես դիմացինի «գրագիտությունը», իսկ սեփական խոսքդ՝ «չեն կարու՞մ ասեն»,

«45 ա էղե»,

«հիմա 59 ա դառե» և նման այլ անհեթեթություններ

իսկապես «չմո»-յական են ու շա՜տ են հեռու պետական գործչին վայել լեզվի իմացության մակարդակից։

Իսկ անհաջող սարկազմը՝ «մեծն բարերարի» հասցեին, ոչ թե սրամտություն է, այլ քաղաքական ծաղրանկարային տկարամտություն, քանի որ կառուցված է ոչ թե սեփական ձեռքբերումների ու նվաճումների հզոր հենքի, այլ ընդդիմադիր գործչին նսեմացնելու, տղամարդուն, առավել ևս պաշտոնյային ոչ հարիր հիվանդագին ինքնասիրահարվածության վրա։

Փողոցային ժարգոնը, գումարած պրիմիտիվ սարկազմը, միայն ապացուցում են, որ անձն այդպես էլ մնացել է, իր իսկ որակմամբ՝ «չմո», չկարողանալով հասնել պետական մտածողության մակարդակին և իջնելով անգրագետ Reels-երի և ֆեյսբուքյան լայվերի տիրույթ, մինչդեռ երկիրը կորցնում է ու կորցնում։

Իհարկե, հասկանալի է՝ սրանց խմբակն ինչու է «անտեղյակ» կենսաթոշակների իրական չափերից։

Սա այն «մեղմացուցիչ» դեպք հանցանանցն է երբ սեփական գրպանում եղած պարգևավճարներն այնքան մեծ են, որ աղքատության շեմից անդին ապրող մարդկանց առնչվող մաթեմատիկան դադարում է գործել։

Մեր ուզել-չուզելուց անկախ, մինչև հունիսի 7-ը նա, իհարկե, կշարունակի իր՝ «հայրենասիրական», տեղ-տեղ սպառնալիքներով համեմված «դասերը» ֆեյսբուքյան տիրույթում, քանի որ քաղաքականությունից դուրս, վիրտուալ աշխարհում, յուրաքանչյուր ոք կարող է հանգիստ «փրկել» աշխարհը՝ առանց զգալու, թե ինչպես է իրական կյանքում երկիրը գահավիժում անդունդ։

Մնում է գործել և հուսալ։

Իհարկե նաև հավատալ՝ մի օր սրանք համապատասխան «հաստատության» աթոռներին նստած, աներկբայորեն, կգիտակցեն՝ Միխայիլ Մատուսովսկու հանրահայտ տողերի ճշմարտությունը՝ «С чего начинается Родина?..»։

Կհասկանան՝ հայրենիքը սկսվում է ոչ թե Reels-երի դիտումներից կամ ինքնասիրահարված մենախոսություններից, այլ այն պահից, երբ պաշտոնյաները «ճամարտակելու» փոխարեն՝ պատասխան են տալիս սեփական, երկիրը կործանող քայլերի ու հանցավոր անգործության համար։

Նաև կհասկանան՝ հայրենիքը սկսվում է ամուր, անվտանգ սահմաններից ու արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացիներից, որոնք թշնամու առաջ ծնկած ու անորոշ ապագայի վախով չեն դիմավորում վաղվա օրը։

Իհարկե, կգա այն պահը (չի՛ կարող չգալ), երբ բոլորս հաստատակամ ու արժանապատվորեն կպատասխանենք՝ «С чего начинается Родина!..» հռետորական հարցին, համոզված՝ այն սկսվում է սեփական հողի, պետության և հայրենակցի հանդեպ անկեղծ պատասխանատվությունից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ