Իրանից շարունակվում են հայտարարություններ հնչել․ վերջինն  Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանինն էր, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ արտաքին միջամտությունը խզի իր հարաբերությունները հարեւան երկրների հետ: «Մեր տարածաշրջանը ոչ մի դեպքում չի հանդուրժի նոր բարձրագոչ պահանջներ: Տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ժողովուրդների կողմից՝ առանց արտաքին միջամտության»,- շեշտել է Աբդոլլահիանը: Ինչպես հիշում ենք, Իրանի հոգեւոր առաջնորդին եւ Իրանի իշխանություններին մոտ կանգնած «Քեյհան» օրաթերթը Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների՝ ՀՀ տարածքով անցնելու ադրբեջանական զինուժի արգելքը գնահատել էր որպես ՀՀ  ինքնիշխանության ոտնահարում, որը նվազեցնելու է Իրանի դերը տարածաշրջանում, Ադրբեջանի ու Իրանի համեմատությունը զուգահեռել փղի եւ մրջյունի հետ ու բավականին սպառնալից արտահայտություններ արել Իրանի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների մասին։

«Հետեւաբար, չպետք է թույլատրվի, որ Ադրբեջանի Հանրապետությունը մեկնաբանի այս անհամաչափ եւ դավադրական զարգացումները՝ «երկու պետությունների միջեւ համաձայնություն» սահմանումով, եւ հավակնի այս հարցում սեփական ինքնիշխանության դրսեւորմանը»,- ասվում է հոդվածում։ Ադրբեջանից էլ ոչ պակաս ռազմաշունչ հռետորաբանությամբ պատասխանում են, իրենց ձեւակերպմամբ, «Թեհրանի տաք գլուխներին»։ 

Որքանո՞վ է հնարավոր, թեկուզ տեսականորեն, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ, ու այս պարագայում ի՞նչ ռազմական ներուժների մասին է խոսք գնում։ Հարցն ուղղեցինք ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինին։ Նա նման բախման հավանականությունն այնքան էլ մեծ չի համարում, թեեւ ոչինչ չի բացառում։

Ինչ վերաբերում է երկու երկրների ռազմական պոտենցիալներին, ապա, ըստ նրա, «իրանական բանակը թվաքանակով շատ մեծ է, անձնակազմով, տեխնիկական միջոցներով՝ նույնպես։ Այն հիմնականում հնացած է ու սեփական արտադրության։ Այսինքն՝ որակական առումով նրանց ցուցանիշներն այնքան էլ լավը չեն, Ադրբեջանի բանակն ավելի շատ ժամանակակից տեխնիկա ունի։ Այլ բան, որ եթե Իրանը շատ ցանկանա, ապա կարող է ճզմել Ադրբեջանին` ուղղակի զանգվածով»։

Իրանական տելեգրամյան ալիքում «Իրանցի լրագրողի օրագիրը» շարքի վերջին տվյալներից, որոնք վերաբերում են երկու երկրների ռազմական ներուժներին. Իրանի ռազմական վարկանիշը գնահատված է 14, Ադրբեջանինը՝ 65, իրանական բանակի ակտիվ անձնակազմ (Active Military )՝ 525 հազար, Ադրբեջան՝ 125 հազար, պահեստազոր․ 350 հազար՝ Իրան, եւ 300 հազար` Ադրբեջան, մարտական տանկեր. Իրան՝ 3 հազար 709, Ադրբեջան` 1052, տեխնիկական միջոցներ․ Իրան՝ 8 հազար 500, Ադրբեջան՝ 1405, հրետանի․ Իրան՝ 2 հազար 878, Ադրբեջան` 555 եւ այլն։

Ըստ Խրամչիխինի, «իսկ եթե գործին միանա Թուրքիան, ապա դա շատ նման կլինի իրանա-իրաքյան պատերազմին։ 80-ականներին այս երկրները միմյանց 8 տարի շարունակ հարվածներ հասցրին, կրեցին ահռելի կորուստներ, եւ, ընդհանուր առմամբ, ո՛չ այս, ո՛չ այն կողմը որեւէ բանի չհասավ»:

ՀԳ․ Ադրբեջանական «minval.az»-ը «Նոր ստոր քայլ․ Իրանն արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքն Ադրբեջան» վերնագրի ներքո հաղորդում է, որ պաշտոնական Թեհրանը ռազմական խողովակներով ադրբեջանական կողմին հայտնել է, որ արգելանք է դրել Նախիջեւան ուղղությամբ ռազմական ինքնաթիռների թռիչքների վրա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն