Դիվանագիտական վտանգավոր ական՝ Հայաստան-Իրան հարաբերությունների տակ․ ի՞նչ է թաքնված Բաքվի «շնորհակալության» հետևում
Սա այլևս լոկ տեղեկատվական հոսք չէ, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական թակարդ, որտեղ պաշտոնական Երևանի լռությունը սկսում է նմանվել մեղսակցության։
Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Հայաստանը աջակցություն է հայտնել իրեն «դրոնային հարձակումների շրջանակներում»։
Այն պարագայում, երբ Իրանը կտրականապես հերքում է հարձակման փաստը, իսկ Բաքուն սլաքներն ուղղում է դեպի Թեհրան, Հայաստանի հայտնվելը «աջակիցների» ցանկում ունի մեկ նպատակ՝ վարկաբեկել Երևանին իր ռազմավարական հարևանի աչքում։
Հայաստանի ԱԳՆ-ի կոշտ հերքման բացակայությունը լեգիտիմացնում է Բաքվի թեզը և մեզ դարձնում հակաիրանական կողմ՝ առանց որևէ իրական շահի։
Իրանը Հայաստանի համար ոչ միայն հարևան է, այլև Սյունիքի անվտանգության և տարածաշրջանային հավասարակշռության վերջին իրական երաշխավորներից մեկը։
Նման անպատասխանատու լռությամբ կամ ստվերային գործարքներով այրել կամուրջները Թեհրանի հետ՝ նշանակում է կամավոր հրաժարվել անվտանգային վերջին պատնեշից։
Այս ամենը նոր լույս է սփռում Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցների և փակ դռների հետևում ընթացող գործընթացների վրա։
Պարզ է դառնում, որ «Խաղաղության խաչմերուկ» կոչված նախագիծը իրականում կարող է ծառայել որպես հարթակ՝ Հայաստանը ուրիշի պատերազմների մեջ ներքաշելու համար։
1․ Ո՞վ է լիազորել ՀՀ իշխանություններին երկիրը դարձնել հակաիրանական կոալիցիայի մաս։
2․ Ինչու՞ չի հնչում պաշտոնական հերքում՝ պետության անունը սադրանքներից մաքրելու համար։
3․ Արդյոք գիտակցվու՞մ է Իրանի հետ հարաբերությունների վատթարացման գինը Սյունիքի համար։
Սա ոչ թե դիվանագիտական անփութություն է, այլ հետևողական քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը զրկվում է դաշնակիցներից և դառնում մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերում։









































