Մասնակցելու եմ Կապան համայնքի ավագանու ընտրություններին. Գեւորգ Փարսյան
Որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ կապանցիներ,
Ես՝ Գևորգ Ռազմիկի Փարսյանս, որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին։ Այս տարի մեր համայնքում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, և ես համագործակցելու եմ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հետ՝ գլխավորելով ընտրական ցուցակը։
Առաջադրվում եմ, քանի որ քաջ գիտակցում եմ հետպատերազմյան շրջանում Կապան համայնքի առջև ծառացած մարտահրավերներն ու անվտանգային խնդիրները։
Առաջադրվում եմ, քանի որ մեկնարկած ծրագրերը և նախանշված աշխատանքներն ավարտին հասցնելու անհրաժեշտություն կա։
Առաջադրվում եմ, քանի որ մեր թիմի այս երեք տարիների հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ վաստակած ձեր աջակցությունն ու վստահության բարձր մակարդակն ավելին, քան պարտավորեցնող են։
Ընտրություններին մասնակցում եմ «Շանթ դաշինք»-ի հետ, քանի որ այս նորաստեղծ կուսակցության հիմնարար արժեքներն ու սկզբունքներն են՝ մեր ազգային շահերի գերակայությունը, քաղաքացու արժանապատվությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արդարությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ, շարունակե՛նք կառուցել, շենացնել և հզորացնել մեր Կապանը»,- հայտնել է Փարսյանը։