Հոկտեմբերի 6-ին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց այն, ինչ գրում էին ադրբեջանական լրատվամիջոցները, որ ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք։ Մինչդեռ հոկտեմբերի 5-ին Իրանը փակել էր իր օդային տարածքն Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, որն էլ այդ տարածքն օգտագործում էր Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարման նպատակով։

Ի դեպ, երեկվանից իշխանության տարբեր ներկայացուցիչներ ֆեյսբուքյան իրենց էջերում գրում են, թե ՀՀ օդային տարածքը միշտ էլ բաց է եղել Ադրբեջանի համար, սակայն վերջինս իր կամքով այն չի օգտագործել։ Նման հայտարարություն արեց նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

168.am-ը գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց, թե այս ամենն ի՞նչ վտանգներ է իրենից ներկայացնում Հայաստանի համար, և ինչո՞ւ է Հայաստանը թույլ տալիս, որպեսզի Ադրբեջանն այդպես հանգիստ օգտագործի իր օդային սահմանները։

«Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ տվել է, ես ավելացնելու որևէ բան չունեմ։ Նախ, Իրանն իր օդային տարածքը փակել է ադրբեջանական ռազմական օդանավերի համար, Հայաստանի տարածքում էլ է ադրբեջանական ռազմական օդանավերի համար օդային սահմանը փակ, բաց է միայն քաղաքացիական ավիացիայի համար։ Ասում են՝ այդ տարածքը միշտ բաց է եղել, ընդամենն Ադրբեջանը չի օգտվել դրանից, հիմա սկսել է օգտվել»,- նշեց Մովսես Հակոբյանը։

Հարցին՝ ինչի՞ կհանգեցնի այս ամենը, Մովսես Հակոբյանը կարճ պատասխանեց. «Ոչ մի բանի»։

Միաժամանակ նա ընդգծեց, որ չի կարող ասել՝ Ադրբեջանը ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար հարկ պե՞տք է վճարի, թե՞ ոչ, քանի որ դրա մասնագետը չէ։

Նշենք նաև, որ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս ամենի վերաբերյալ որևէ բացատրություն չի տվել։ Միակ պաշտոնական մեկնաբանությունը եղել է Քաղավիացիայի կոմիտեի կողմից։

Հիշեցնենք, որ երեկ առաջին թռիչքը կատարելուց հետո Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը մասամբ մեկնարկել է, հավանաբար ակնարկելով, որ ՀՀ օդային սահմանները սկսել է անարգել օգտագործել։

Որևէ երաշխիք չկա, որ այդ տարածքն Ադրբեջանը ռազմական նպատակով չի օգտագործում։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն