Ֆրանսիան ԵՄ-ի եւ Բրիտանիայի միջեւ միգրացիայի վերաբերյալ համաձայնագրի կնքման կոչ է արել
Ֆրանսիայի իշխանություններն անհրաժեշտ են համարում ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ միգրացիոն հարցերի վերաբերյալ համաձայնագրի կնքումը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, շաբաթ օրը Լոն-Պլաժ կոմունա ուղեւորության ժամանակ հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենը:
«Մենք պետք է նման պայմանագիր կնքենք, քանի որ Brexit-ի հարցով գլխավոր բանակցող Միշել Բարիեն դա չի արել»,- ընդգծել է նախարարը: Նա հայտնել է, որ Ֆրանսիան համապատասխան նախագիծ կներկայացնի 2022 թվականի առաջին կեսին ԵՄ-ում իր նախագահության ընթացքում:
Դարմանենը նաեւ կոչ է արել Լոնդոնին կատարել Փարիզին բազմամիլիոն դոլարի օգնություն տրամադրելու իր նախկին խոստումը՝ ապօրինի միգրանտների դեմ պայքարելու համար, որոնք փորձում են Լա Մանշով Մեծ Բրիտանիա հասնել: «Բրիտանիայի կառավարությունը դեռ չի վճարել նախկինում խոստացված միջոցները»,- շաբաթ օրը ասել է նախարարը: «Մենք բրիտանացիներին կոչ ենք անում կատարել 63 միլիոն եվրո ուղարկելու իրենց խոստումը՝ Ֆրանսիայի առափնյա պահպանությունը ամրապնդելու համար»,- ասել է Դարմանենը՝ հատուկ ընդգծելով, որ Ֆրանսիան «հանուն Մեծ Բրիտանիայի պահում է միգրանտների հոսքը»:
Սեպտեմբերի սկզբին Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հայտարարել էր, որ Լոնդոնը կհրաժարվի Փարիզին խոստացված բազմամիլիոն դոլարի օգնությունից, եթե ֆրանսիական սահմանապահ ուժերն ու առափնյա պահպանությունը ակտիվորեն չխոչընդոտեն ապօրինի միգրանտներին Բրիտանիայի ափեր հասնելը: Նա այդ հայտարարությունն արել է այն օրը, երբ ավելի քան հազար մարդ վայրէջք էր կատարել երկրի հարավ-արեւելքում գտնվող Անգլիայի Քենթ կոմսության ափին, ինչը հակառեկորդային է դարձել միգրանտների թվի համար:
Միգրանտները ձգտում են Ֆրանսիայից հասնել Մեծ Բրիտանիա, քանի որ նրանք կարծում են, որ այնտեղ ավելի հեշտ է օրինականացնել իրենց կարգավիճակը, աշխատանք գտնել եւ սոցիալական նպաստների իրավունք ստանալ: Երկու երկրների իշխանություններն արդեն բազմիցս հայտարարել են անօրինական ներգաղթի դեմ պայքարում համագործակցության ամրապնդման միջոցառումների մասին, սակայն նրանք դեռ չեն կարողացել հաղթահարել խնդիրը:
News.am