Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Ալեն Սիմոնյանի եւ այլ ՔՊ-ականների հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը խորհրդարանն ընդունել էր այս տարվա մարտի 24-ին։ Օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել եւ ուղարկել էր ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրականության հարցը։ Սա մի աղմկահարույց նախագիծ է, որով հերթական հարվածն է հասցվում ինչպես խոսքի ազատությանը, այնպես էլ ժողովրդավարությանն ընդհանրապես։ Խոսքը վիրավորանքի եւ զրպարտանքի դիմաց դատական կարգով ակնկալվող փոխհատուցման շեմը եռակի բարձրացնելու մասին է։ Մասնավորապես, այս խայտառակ նախագծով սահմանվում է, որ վիրավորանքի համար նախկին 1 միլիոն դրամի փոխարեն այսուհետ վիրավորված անձը կկարողանա պահանջել մինչեւ 3 միլիոն դրամ փոխհատուցում, իսկ զրպարտության դիմաց՝ նախկին 2 միլիոնի փոխարեն՝ մինչեւ 6 միլիոն։

Նախագահ Արմեն Սարգսյանը, երբ օրենքն ուղարկում էր ՍԴ, համարում էր, որ առաջարկվող փոփոխություններով որեւէ համակարգային խնդիր չի լուծվում, եւ նախատեսվող տուգանքի չափի զգալի բարձրացումը կարող է էական վնաս հասցնել խոսքի ու արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի, լրատվամիջոցների ազատությունը։ Բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանին «առընթեր» Սահմանադրական դատարանը՝ Արման Դիլանյանի նախագահությամբ, այս աղմկահարույց, հակադեմոկրատական եւ խոսքի ազատությանը սպառնացող նախագծում որեւէ հակասահմանադրական, անօրինական, խնդրահարույց կետ չի հայտնաբերել։

Մեր տեղեկություններով՝ ՍԴ 9 անդամներից միայն երկուսն են դեմ քվեարկել այս նախագծին՝ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը։ Մեկն էլ՝ Արայիկ Թունյանը, չի մասնակցել նիստին, քովիդով վարակված լինելու պատճառով, մնացած կազմը` իշխանության սրտի դատավորները, հոժարակամ կողմ են քվեարկել` ցուցադրելով իրենց ծառայամտությունը եւ հնազանդությունը ռեժիմին։ Նկատենք, որ անչափ ուշագրավ է, որ նման օրենք ընդունում է հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը ժամանակին, երբ «Հայկական ժամանակի» խմբագիրն էր, դատական կարգով 2 միլիոն դրամ տուգանվելուց հետո համաշխարհային աղմուկ էր բարձրացրել եւ համազգային դրամահավաք կազմակերպել, որ այդ տուգանքը փակեր:

Մենք փորձեցինք այս որոշմանը կողմ քվեարկած ՍԴ դատավորներից մեկնաբանություն ստանալ, թե ինչու են որոշել հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը։ ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը զարմացավ, թե ինչու ենք այս հարցով իրեն դիմել, պետք էր ՍԴ մամուլի խոսնակին դիմել՝ նա մեզ «լրիվ կպատասխանի»։ Կարծես թե ՍԴ խոսնակն է այդ որոշումը կայացրել, եւ ինքը բացատրելու ոչինչ չունի հանրությանը: Նրան հիշեցրինք, որ ՍԴ մամուլի քարտուղարը չէ իր փոխարեն որոշում կայացրել, որ իրեն հարցնենք, ինքն է ՍԴ անդամը, բայց Խաչատրյանը, ըստ ամենայնի, միայն վարաչապետի առաջ է հաշվետու․ «Էդ հարցերով դատավորը երբեք չի կարա Ձեզ պատասխան տա, թե արդյոք ինքը կո՞ղմ, թե՞ դեմ է եղել էդ որոշման ընդունմանը, դա ի՞նչ բան է, որ Ձեզ պետք ա տեղյակ պահվի։ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել։ Այսքանը»,-ասաց նա։ Մինչդեռ մենք նրան չէինք հարցնում, թե ինչպես է քվեարկել, այլ հարցնում էինք` ինչու է կողմ քվեարկել հակադեմոկրատական այս օրենքին:

ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, որը սկսեց աշխատանքի գնալ եւ մասնակցել գործերի քննությանը ՍԴ նախկին կազմի փոփոխությունից հետո, նույնպես կողմ է քվեարկել այս որոշմանը: Մինչդեռ նա անցյալում, երբ փաստաբան էր, լիուլի օգտվում էր մամուլի աջակցությունից եւ լավ գիտի, որ մամուլը միշտ իշխանությունների թիրախում է, եւ մամուլի ազատություն ամենակարեւոր դեմոկրատական արժեքներից է ցանկացած երկրում: Բայց նա էլ խուսափեց մեկնաբանել իր կայացրած որոշումը։ Երբ նրան հիշեցրինք, որ ինքը ժամանակին պայքարել է խոսքի ազատության եւ ժողովրդավարական արժեքների համար, հիմա ճի՞շտ է համարում ԱԺ-ի ընդունած այս օրենքը եւ լրատվամիջոցների գլխին նման մեծ տուգանքներ «կախելը», Գրիգորյանն ասաց․ «Վահե, Դուք գիտե՞ք, որ դատավորներն իրենց դիրքորոշումները որոշմամբ են արտահայտում կամ հատուկ կարծիքներով։ Եթե որոշումից չի երեւում իմ դիրքորոշումը կամ հատուկ կարծիքով, ես այլ կերպ դա չեմ կարող հրապարակել... Եթե ամեն դատավոր ասի՝ կողմ ա եղել, թե դեմ, ինքն անուղղակիորեն մյուս դատավորներին հուշելու ա, թե որ կողմ են քվեարկել»։ Ասացինք, որ մենք գիտենք` Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն են միայն դեմ եղել։ «Ես ոչինչ չեմ մեկնաբանում էդ կապակցությամբ, ես չգիտեմ՝ Դուք որտեղից եք տեղեկացել, Դուք դա կարող էիք տեղեկանալ բացառապես Սահմանադրական դատարանի որեւէ դատավորից։ Եվ էդ դատավորը ծայրահեղ անբարոյական բան ա կատարել էդ հրապարակումը կատարելով»։

Իսկ գուցե անբարոյականությունը նման անբարոյական նախագծին կողմ քվեարկե՞լն է, ապա սեփական քվեարկությունը թաքցնելը եւ ՍԴ որոշումների գաղտնիության հետեւում թաքնվելը: «Եթե Ձեր հարցերը դրանով են սահմանափակվում՝ այդ որոշման վերաբերյալ, ես ասացի, որ իմ դիրքորոշումն արտահայտվում է կա՛մ որոշմամբ, կա՛մ դրան կից հատուկ կարծիքով։ Այսքանով ավարտվեց այս խոսակցությունը, Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացրել ա»,- կտրեց ժամանակին մարդու, այժմ իշխանությունների իրավունքների համար պայքարող իրավաբանը։

Խոսեցինք նաեւ ՍԴ անդամ Էդգար Շաթիրյանի հետ։

- Պարոն Շաթիրյան, ինչո՞ւ եք որոշել, որ ԱԺ-ի ընդունած այդ աղմկահարույց օրենքը, որով վիրավորանքի եւ զրպարտության փոխհատուցման չափը երեք անգամ ավելանում է, Սահմանադրությանը համապատասխանում է։

- Որոշումն անհատական տիրույթում չի եղել, ինչպեսեւ դատարանի մյուս որոշումները, այն եւս կայացվել է կոլեգիալ հիմունքներով։ Ցանկացած որոշման ընդունման համար պահանջվում է առնվազն հինգ «կողմ» ձայն, հետեւաբար, եթե որոշումն ընդունվել է, ուրեմն առնվազն 5 դատավոր կողմնակից է եղել էդ որոշմանը։

- Միայն Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն են դեմ եղել այդ որոշմանը։

- Քվեարկության անվանական արդյունքները հրապարակայնացման ենթակա չեն, հիմա ես՝ որպես այդ 9-ից մեկը, կոռեկտ չեմ համարում ասել՝ ով ինչպես է քվեարկել։ Իրականությունն այն է, որ էդ կազմով է քննության առնվել գործը, ու որոշումն ընդունվել է առնվազն հինգ «կողմ» ձայնով։

- Դուք չե՞ք կարծում, որ սա խոսքի ազատությանն ու ժողովրդավարական արժեքներին սպառնալիք ստեղծող, վնասող որոշում է։

- Ես ձեռնպահ կմնամ դատարանի ցանկացած որոշման առնչությամբ, այդ թվում՝ այս, մեկնաբանություններ ներկայացնելուց, ինչպես ամբողջ որոշումը, այնպես էլ որոշման պատճառաբանական մասը հրապարակայնացված է։ Ըստ այդմ՝ ունենք այն, ինչ ունենք։

- Փաստորեն, ստացվում է՝ Հրայր Թովմասյանից ազատվելուց հետո նոր ձեւավորված ՍԴ-ն կատարում է իշխանության քմահաճույքները։ Եվ այս օրենքը Սահմանադրությանը համապատասխան ճանաչելն էլ իշխանության քմահաճույքների տիրույթում է։

- Հարցադրումն ավելի շատ էմոցիոնալ դաշտում է, ավելի շատ, եթե անկեղծ լինեմ, ակնհայտ արհեստականորեն քաղաքականացվում է, որոշումը հրապարակված է, եւ խորհուրդ կտամ չանձնավորել էդ որոշումը։ Կոնկրետ անձանց պետք չի հերոսներ սարքել եւ կոնկրետ անձանց կամ անձանց խմբին պետք չի վատաբանել։

- Այո, էմոցիոնալ դաշտում է, որովհետեւ սա առնչվում է լրատվադաշտին։ Փաստորեն, Սահմանադրական դատարանը՝ որպես բարձրագույն դատական մարմին, թույլ է տալիս, որ լրատվամիջոցներն ու լրագրողները խոսքի ազատության առումով մեծ սահմանափակումների մեջ հայտնվեն։ Իսկ ՍԴ-ի կազմում են այնպիսի դատավորներ, որոնք ժամանակին կարծես թե պայքարել են խոսքի ազատության համար։

- Ամեն դեպքում, դատավորներից յուրաքանչյուրը՝ 9-ից 9-ն էլ, կաշկանդվածություն չունեն՝ ներկայացնելու իրենց մոտեցումները։

- Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ միայն Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն են գնահատում խոսքի ազատության արժեքը եւ դեմ քվեարկում այդ որոշմանը, իսկ դուք՝ նոր ՍԴ դատավորներդ, դարձել եք իշխանության ընդունած օրենքները հաստատողներ։

- Անկեղծ ասած՝ կտրականապես համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ։ Ինչ վերաբերում է Ձեր վկայակոչած երկու սուբյեկտներին, Ձեր հետեւությունն առնվազն ենթադրությունների վրա է հիմնվում, որովհետեւ խորհրդակցական սենյակի գաղտնիության ռեժիմ գոյություն ունի, եւ ես, ինչպեսեւ ցանկացած այլ դատավոր, չի կարող հրապարակել անվանական քվեարկության արդյունքները։

- Դուք մտավախություն չունե՞ք, որ նման որոշումներ ընդունելով՝ ՍԴ-ն դառնալու է իշխանության կամակատարը, իշխանության նախագծերը դակողը, եւ մենք անկախ դատական համակարգ՝ անգամ բարձր դատարանի մակարդակով, չենք ունենալու։

- Ձեր հարցը էլի շատ լավ հասկանում եք, որ քաղաքական ելեւէջներ է պարունակում, ես համաձայն չեմ էդ գնահատականի հետ։ Առնվազն իմ պաշտոնավարման շրջանում, որպես, էսպես ասած, «նոր դատավոր», կարող եմ ասել, որ Սահմանադրական դատարանը բազմաթիվ ակտեր կամ դրանց նորմեր ամբողջությամբ կամ մասամբ ճանաչել է Սահմանադրությանը հակասող կամ անվավեր։ Այսինքն՝ ՍԴ-ի կազմի փոփոխությամբ ակնհայտ արհեստական խնդիրներ ստեղծելով ու խորացնելով՝ պետք չէ հետեւություններ անել։

ՀԳ․ Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը, գործող ողջ իշխանական բուրգը, կացինն առած ընկել էին Հրայր Թովմասյանի ետեւից` նրա հոր տան տանիքն էին չափում, երիտասարդ դուստրերին տանում ԱԱԾ, սանիկների դեմ գործեր հարուցում, ինչ-որ գրիչի պատմություն անում` որպես քծնանքի նշան, սահմանադրական հանրաքվե ձեռնարկում` քովիդի պայմաններում, մյուս ՍԴ անդամներին էին հետապնդում, իսկ հետո օրենքը տրորելով՝ հենց ԱԺ-ում Սահմանադրություն փոխեցին ու ազատվեցին հին դատավորներից, շատերը չէին ընկալում, թե ինչն է այդ չլսված հալածանքների իրական պատճառը: Այսօր արդեն` նման որոշումներից հետո, ամեն ինչ հասկանալի է դառնում: Սահմանադրական դատարանն այն վերջին օղակն էր, որ կարող էր Նիկոլ Փաշինյանի դեմ կանգնել, այդ օղակն էլ վերացրին:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն