Հայաստանը ողջունում է բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս մասին հոկտեմբերի 13-ին Երեւանում Հնդկաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարը հիշեցրեց, որ վերջերս այս մասին խոսել է խորհրդարանում: ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում անցկացված հանդիպումը, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ: Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել եւ փորձել լուծել առաջին հերթին հումանիտար խնդիրները՝ հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, անհայտ կորածների ճակատագրի պարզումը, հայկական մշակութային արժեքների հասանելիությունը, որոնք մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո եւ այլ հարցեր, ինչից հետո անցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական բաղադրիչին` կարգավիճակի քննարկմանը:

Հարցին՝ նախատեսվու՞մ է արդյոք միջնորդների այցը տարածաշրջան, նախարարն ասաց, որ այս հարցում դիրքորոշումը շուտով պարզ կդառնա, եւ պատասխանելու հնարավորություն կլինի: Ընդհանուր առմամբ, հանդիպումները պլանավորվում են, համենայնդեպս, գործընթացը և հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն կա, հայտնել է Միրզոյանը:

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն