Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
ԻԻՀ գլխավոր դատախազը նշել է, որ Իրանը կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող ներուժը:
Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը հարևանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չեն տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր:
Ինչպես ասվում էպաշտոնական հաղորդագրությունում, ՀՀ կառավարության ղեկավարը մարտահրավերներին դիմագրավելու առումով կարևորել է նաև Հայաստանի ու Իրանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելը, մասնավորապես, գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ներուժի լիարժեք իրացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Hetq.am